Հարս-սկեսուր «հավերժական հակամարտության» թեմային է անդրադարձել է tert.am-ը՝ հղում տալով  ամերիկյան Shine.yahoo.com կայքին: «Հարսները ցանկանում են իրենց դիրքն ամրապնդել ընտանիքում, սկեսուրները՝ վստահ լինել, որ իրենք չեն կորցրել իրենց ազդեցությունը»,-գրում է կայքը և ներկայացնում խոսքեր, որոնք ոչ մի դեպքում հարսները չպետք է ասեն իրենց սկեսուրներին... քանի որ այդ «թունավոր արտահայտությունները» ոչ միայն կարող են խաթարել ընտանեկան անդորրը, խզել հարաբերությունները սկեսրոջ հետ, այլև ամուսնալուծության պատճառ դառնալ...

Ես քո կարծիքը չհարցրի...

Արտահայտություն է, որ կարող է վիրավորել ցանկացած սկեսրոջ: Դրա փոխարեն հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել խորամանկության՝ օրինակ ձևացնել, թե ընդունում եք նրա կարծիքը, շնորհակալություն հայտնել խորհրդի համար, սակայն վարվել այնպես, ինչպես ուզում եք: Իսկ եթե նա «շատ համառի», ապա դիմեք Ձեր ամուսնու օգնությանը. միասին բացատրեք նրան, որ կան հարցեր, որոնք Դուք պետք է լուծեք, կան թեմաներ, որոնք քննարկման ենթակա չեն:

Դու կարող ես այցելել մեզ, երբ ցանկանաս...

«Բաց դռների քաղաքականությունը վատ հետևանքներ է խոստանում»,-զգուշացնում են հոգեբանները: Շատ հնարավոր է, որ Ձեր սկեսուրը որոշի ձեզ այցելել այնպիսի օր, երբ Ձեզ հարմար չլինի… Հանդիպումների, այցելությունների համար ընտրեք որոշակի օրեր, որոնք հարմար կլինեն թե Ձեզ, թե նրան: Հրավերից առաջ մշտապես ևս մեկ անգամ նայեք օրացույցին:

Չեմ հավատում, որ դու նրա օգտին ես քվեարկել...

«Քաղաքականությանը, կրոնին առնչվող հարցերը Ձեր խաղաղ ընթրիքը կարող են վերածել մարտի դաշտի»,-զգուշացնում են մասնագետները և խորհուրդ տալիս՝ խուսափեք նման թեմաներով զրույցներից, քանի որ «մարտադաշտից» ձեզանից որևէ մեկը հաղթող դուրս չի գալու:

Ինչու որդուդ չես սովորեցրել…

Շատ կանայք իրենց ամուսինների թերությունների համար մեղադրում են իրենց սկեսուրներին: «Հեշտ է սկեսուրներին մեղադրել, սակայն ձեր խնդիրները Դուք և Ձեր ամուսինը պետք է լուծեք»,-նշում են մասնագետները:

Ես ինձ ավելի լավ եմ զգում ծնողներիս տանը...

Սկեսուրներին ամենից շատ նյարդայնացնող արտահայտություններից է: Հոգեբանները բնական են համարում, որ աղջիկն իր ծնողների տանն իրեն լավ է զգում, սակայն խորհուրդ են տալիս՝ պետք չէ բոլոր տոները ծնողների հետ անցկացնել ու նրանց լուսանկարները փակցնել տան պատերին: «Խոսեք Ձեր ամուսնու հետ, և որոշեք, թե ում հետ եք անցկացնելու տոները: Մի վշտացեք, եթե Ձեր ամուսինը նախընտրի, որ այսինչ տոնը պետք է անցկացնեք նրա ծնողների հետ»:

Հուսով եմ, որ այս զգեստապահարանն ինձ բաժին կհասնի...

Հիշեք, որ դուք որևէ իրավունք չունեք Ձեր սկեսրոջ սեփական իրերի նկատմամբ: Եթե նա ինքնակամ որոշի այս կամ այն իրը ձեզ հանձնել, հիանալի է, սակայն հարսն այդ հարցում չպետք է նախաձեռնություն դրսևորի:

Թող որդին զանագահարի նրանց…

Շատ սկեսուրներ են դժգոհում՝ «մեր հարսը մեզ չի զանգահարում»: «Եթե Ձեր ամուսինը մշտական կապի մեջ է իր ծնողների հետ, ապա դա չի նշանակում, որ Դուք պետք է խուսափեք շփումներից»,-նշում են մասնագետները ու խորհուրդ տալիս պարբերաբար զանգահարել սկեսուրներին:

Shine.yahoo.com-ն արտահայտություններն ընտրել է սկեսուրների շրջանում անցկացված հարցումների արդյունքում, այնուհետ դիմել է մասնագետների օգնությանը՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է խուսափել «վատ հետևանքներ խոստացող» այդ արտահայտությունններից: