Ամեն ինչ ընթանում է իր հունով, որևէ մտավախություն չունենք… Թեպետ մտավախություն կա, որ հարևան երկրներից որևէ մեկը մեզ հաբեր կտա ու…,- 2013-ին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնող «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն այսօր ասուլիսում նման հումորային պատասխան հնչեցրեց հարցին, թե ի՞նչ մտավախություն ունի մրցույթի հետ կապված:
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան շվեդական Մալմյո քաղաքում, մայիսի 14-ին և 16-ին, իսկ երզափակիչը' 18-ին: Հայաստանի ներկայացուցիչները «Lonely planet» երգով հանդես կգան երկրորդ կիսաեզրափակչում' 11-րդ համարի ներքո:
«Դորիանս»-ի մենեջեր Արա Թադևոսյանը խմբի խաղաքարտն է համարում «Black Sabbath»-ի մենակատար, լեգենդար ռոք երաժիշտ Թոմի Այոմիին, ով հանդիսանում է երգի հեղինակը:

Ի դեպ, Այոմին կիսաերզափակչից մի քանի օր առաջ կդիմի երկրպագուներին' աջակցելու երգին, բացի այդ էլ «Եվրատեսիլի» պաշտոնական կայքին հարցազրույց կտա երգի ու «Դորիանս»-ի հետ համագործակցության մասին:

«Եվրատեսլիում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ ելույթի ընթացքում պարային կատարումներ չեն լինելու. «Շոուին մինիմալիստորեն ենք վերաբերվում, իսկ բեմում խմբի անդամներին կտեսնենք նոր ոճով»,- ասաց նա:

Որպես ձայնակցող եվրատեսիլյան բեմում հանդես եկած Գոռ Սուջյանը նշեց, որ այդ բեմում ելույթ ունենալիս արտիստը կամ կարող է հուզվել ամբոխից կամ ոգևորվել: «Ես ոգևորվող տեսանկյունն եմ նախընտրում»,- ընդգծեց նա:

Գոռ Սուջյանի խոսքերով, իրենց գերնպատակն է մարդկանց հասցնել երգը:

Մրցույթում Հայաստանի կարգախոսն է ' «Մեկն ենք մենք»:

Նշենք, որ կիսաեզրափակչից օրեր առաջ «Դորիանսը» համերգ կունենա Կոպենհագենում: