Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամուսնանալու համար ամենալավ տարիքը համարվում է 23-30-ը: Սակայն համաձայն վերջին վիճագրակական տվյալների' ավելի շատ են բաժանությամբ ավարտվում այն ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև 30 տարեկան հասակում: Դրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ի՞նչն է այդ միտումի պատճառը:

Իհարկե, ամուսնալուծության պատճառները տարբեր ընտանիքներում լինում են տարբեր, այնուհանդերձ, հաճախ դրանք կրկնվում են: Ամուսնությունից հետո շատ կանանց մոտ անցնում է սիրահարվածությունը, ռոմանտիկան, նրանք սկսում են գիտակցել, որ ամուսնու հետ ունեն կյանքի տարբեր ընկալումներ, աշխարհայացքներ, զգացմունքներն էլ այլևս այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան շարունակել համատեղ ապրել ողջ կյանքում:

Կանանց մեծ մասը համարում է, որ երկարատև հարաբերությունները պետք է անպայման ավարտվեն ամուսնությամբ: Սակայն շատ հաճախ ամուսնությունը դառնում է ոչ թե հարաբերությունների շարունակությունը, այլ դրանց ավարտը: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս' արդյոք սերն է մղում ամուսնության, թե դա հասարակության մեջ ձևավորված պարտադրանք է:

Ցավոք սրտի, ամրապնդվել է այն կարծրապատկերը, որ եթե կինը բոլորել է 30 տարին և չի ամուսնացել, ապա նրա անձնական կյանքը համարվում է չհաջողված: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելի ուշ տարիքում ամուսնացողներն ունեն ավելի շատ հնարավորություններ' կառուցելու երջանիկ ու երկարատև հարաբերություններ: Տարիքի հետ կինը դառնում է ավելի շրջահայաց և զգույշ, բայց հենց 30-ից հետո է նա ընդունակ գիտակցորեն կատարել զուգընկերոջ ընտրություն' չտրվելով պատանեկան զգացմունքային բռնկումներին:

Հոգեբանները կարծում են, որ պետք չէ շտապել ամուսնանալ: Ամեն ինչ ունի իր ժամանակը, անպայման այդ օրը կգա: Կարևոր է հասկանալ, որ ամուսնությունը ոչ միայն սիրելիի հետ անցկացրած ռոմանտիկ երեկոներն ու գլխապտույտ մեղրամիսն է: Ամուսնությունը ամուսնիններից յուրաքանչյուրից էլ պահանջում է որոշակի անձնազոհություն, և, եթե զույգերից որևէ մեկը պատրաստ չէ դրան, ապա մեծ է հավանականությունը, որ ընտանեկան կյանքը կվերածվի փոփադարձ մեղադրանքների ու վեճերի անվերջանալի շարքի: