Դերասանուհի Արփինե Իսրայելյանը ապագայում նոր մասնագիտություն է սովորում: Նկարահանումներին զուգահեռ Արփինեն այժմ հաճախում է դիմահարդարման դասընթացների:
ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ վաղուց էր մտածում դիմահարդարման գաղտնիքները բացահայտելու մասին, պարզապես հարմար պահ չէր լինում: «Ամանորյա տոներից հետո մեկ ամիս ազատ ժամանակ ունեի և որոշեցի օգտագործել այդ շրջանը»,- ասաց Արփինեն և ավելացրեց, որ մեկ ամսից ավելի է` հաճախում է դասընթացների:
Դերասանուհու փոխանցմամբ` շատ է սիրում դիմահարդարման արվեստը ու հաճույքով է սովորում: «Երբ դիմահարդարում եմ, նվիրվում եմ դրան, կտրվում եմ աշխարհից, երևակայությունս սկսում է ավելի ուժեղ աշխատել, զգացմունքներս ակտիվանում են»,- նշեց Արփինեն, ում խոսքով` սա այն մասնագիտություններից է, որը սահմաններ չունի:
«Ամեն բան սովորելիս էլ հասկանում ես, թե ինչքան բան չգիտես. այդպես է նաև դիմահարդարման դեպքում»,- նկատեց դերասանուհին: Արփինեն նշեց նաև, որ դիմահարդարումը իր համար միայն հոբբի չէ, «Այն շատ հարազատ է ինձ. կարծես իմ մի մասնիկն է»:
Ապագայում դերասանուհին ցանկություն ունի աշխատել որպես դիմահարդար և իր խոսքով` միանշանակ դա կանի մեծ հաճույքով:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը