10-ի «ա», 10-ի «բ»-երի փոխարեն կփորձես փոքր-ինչ դժվարությամբ բացականչել 12-ի «ա», 12-ի «բ» և այլն: Այն ամենին, ինչը քեզ արդեն հասցրել էր ձանձրացնել, երբեմն նաև զայրացնել, այսօր մի տեսակ կարոտով ու թախիծով ես նայում: Հետևի նստարանին նստող ու քեզ միշտ անհանգստացնող դասընկերդ այլևս չի խաղա նյարդերիդ հետ, իսկ քեզանից միշտ արտագրող ու չխոստովանող ընկերուհիդ կշարունակի իր «սև» գործը, բայց արդեն ոչ քեզ հետ, մաթեմատիկայի խիստ ու «դաժան» ուսուցչուհին կշարունակի «երկուսներ» շռայլել, բայց արդեն ոչ քեզ: Վաղն ամեն ինչ կսկսվի նորից, բայց արդեն առանց քեզ:
Այս օրը բոլորն այնքա՜ն հարազատ ու բարեկամ են, որ հրաժեշտն առանց արցունքների անհնար է դառնում:

Անցած տարի այս տոնը հանրապետությունում չնշեցին պարզ պատճառով. դպրոցական ծրագրերում փոփոխությունների համաձայն դպրոցներում կրթությունը 12-ամյա համակարգի անցավ: Այս տարի, հուրախություն բոլոր շրջանավարտների, տոնելու ենք «Վերջին զանգը»:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ հանրապետությունում «Վերջին դաս» կոչվող արարողությունն այս տարի կկայանա մայիսի 25-ին: «Այդ օրը ամեն դպրոց կընտրի' ինչպես անցկացնել վերջին դասը. նախարարությունը հատուկ ձև չի թելադրում»,- հավելեց տկն Հովհաննիսյանը: Ըստ նախարարության սեպտեմբերյան տվյալների' ՀՀ-ում գրանցված են 36.659 շրջանավարտ' 2008-2009թթ. 38.978 շրջանավարտների համեմատությամբ:

 

Արևիկ Ուդումյան
Հաղորդավար, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն ավարտել է Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը: Պարզվում է' հաղորդավարուհին ունեցել է երկու «Վերջին զանգ»' 2000 և 2001 թվականներին: «Քանի որ լավ էի սովորում, ինձ թույլ տվեցին ավարտական քննություններս հանձնել մեկ տարի շուտ, որպեսզի այդ մեկ տարում կարողանայի լավ պատրաստվել ընդունելության քննություններին»,- պարզաբանեց Արևիկը, ում բնորոշմամբ, սակայն, իսկական «Վերջին զանգը» 2001-ին էր. հաղորդավարի «պարտականությունն» իր ուսերին է եղել:
Դպրոցական տարիներին Արևիկն աչքի է ընկել աշխուժությամբ, չարաճճիություններով: «Մենք մի քանի ընկերուհիներով լավ էինք սովորում, բայց այն աշակերտներից չէինք, ովքեր միայն լավ էին սովորում. մենք հաճախ էինք փախչում դասերից»,- խոստովանեց հաղորդավարուհին:
«Վերջին զանգին» Արևիկը շատ ուրախ էր, բայց ոչ ավարտելու կապակցությամբ, այլ կյանքի նոր սկզբի, տվյալ դեպքում' ուսանողական կյանքի համար:
Ի տարբերություն վերջին շրջանի շրջանավարտների, ովքեր շատ մեծ ուշադրություն են դարձնում ավարտական երեկոյի կազմակերպմանը, Արևիկն այնքան էլ ողբերգական չի տարել այդ ամենը: «Ես այդ երևույթները' բրենդային հագուստ, ռեստորանի ճոխություն և այլն, այնքան ողբերգական չեմ տարել: Ինձ համար կարևորն այդ պահին ընկերներիս հետ ուրախանալն էր»,- պնդեց Արևիկը, ով շատ ընկերասեր է և կապն ընկերների հետ պահում է առ այսօր: Նրա հավաստմամբ' այն աշակերտներից չէր, ովքեր բավարարվել են միայն բեմից գովեստի խոսքեր ասելով ուսուցիչներին: Նա երբեմն ժամանակ է գտնում ու այցելում իր ուսուցիչներին: «Առհասարակ, յուրաքանչյուր առիթի ժամանակ միշտ մտածում եմ, որ ուսուցիչներս ինձ դիտում, լսում կամ կարդում են իմ հարցազրույցները: Միշտ զգում եմ նրանց ներկայությունը»,- ասաց Արևիկը:

Սյուզի Մելիքյան
Երգչուհի Սյուզի Մելիքյանն ավարտել է Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցը: Երգչուհին ծիծաղով հիշում է, որ իր «Վերջին զանգից» ուշացել է վարսավիրանոցում լինելու պատճառով: «Մեր դպրոցում միաժամանակ մի քանի ավարտական դասարան կար, ինչի պատճառով ավարտական ցերեկույթը տևել էր 10-15 րոպե. գովեստի, հրաժեշտի խոսքեր և այլն: Ցավոք, այդ 10-15 րոպեից էլ ուշացա, որովհետև վարսավիրանոցում մազերս էի հարդարում»,- անկեղծ խոստովանեց երգչուհին: «Վերջին զանգի» օրը Սյուզին այնքան էլ ուրախ չէր. «Մի տեսակ անհանգստություն կար: Մտնում եմ նոր կյանք, որն ավելի բարդ է: Մի տեսակ տարօրինակ ուրախություն ու անհանգստություն կար»: Ասում է' շատ երկար է պատրաստվել հատկապես ավարտական երեկոյին. դիզայների մոտ է կարել զգեստը: «Ցանկանում էի, որ ամեն ինչ կատարյալ լինի: Այն ժամանակ ավելի մանկական էի ու ցանկանում էի տիկնիկի տեսք ունենալ. պարզապես ուզում էի ուրախանալ, քեֆ անել»,- հիշեց Սյուզին: Այսօր Սյուզին խոստովանում է, որ շատ է կարոտում իր ուսուցիչներին, բայց միայն դասղեկի հետ է հասցնում հանդիպել: Շատ ուրախ է, որ իր մասին խոսում և հիշում են դպրոցում: «Դպրոցում սովորող ծանոթներս ասում են, որ իմ մասին շատ են խոսում, ինձ հաճախ են հիշում»,- հավելեց երգչուհին:

 

Գոհար Գասպարյան
2002թ. հնչել է նաև հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի «ՎԵրջին զանգը»' Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Ուրախությամբ է հիշում այդ օրը. «Իսկապես շատ ուրախ ու հուզիչ օր էր»: «Վերջին զանգի» սցենարը գրելու հարցում հաղորդավարն ունի իր լուման. նա անձամբ է մասնակցել այդ գործընթացին: Բավականին հետաքրքիր է անցել միջոցառումը' բեմադրություն, երգ, մեծարման խոսքեր, ասմունք: Ավարտական երեկոյին նախօրոք էր պատրաստվել. հագուստը հատուկ կարել է իր բարեկամուհին: «Այդ օրը դասարանի աղջիկներով առաջին անգամ դիմահարդարվել էինք, հոնքեր հանել, մի խոսքով' մի քանի տարով մեծացած' գնացինք նշելու երեկոն»,- հիշեց Գոհարը:

Դպրոցական տարիներին Գոհարը շատերի նման չարաճճիություններ է արել: Պատմեց նաև, որ ավարտական դասարանում մի օր ողջ դասարանով պատուհաններից դուրս են թռել ու փախել դասից: Պարզվում է' Գոհարն էլ չի մոռանում իր ուսուցիչներին, որոնց շատ է սիրում. «Երբեմն հարմարեցնում եմ ու հանդիպում դասղեկիս' պրն Վարդանյանին: Շատ եմ կարոտում ուսուցիչներիս: Քանի որ դպրոցական տարիներին էլ աշխատում էի «3-րդ ալիք» հաղորդաշարում, ուսուցիչներս միշտ հպարտանում ու հաճախ աջակցում էին ինձ՚,- հպարտությամբ ասաց Գոհարը:

 

Դելո
Հումորիստ Դելոն դպրոցն ավարտել է 2004թ.: Հայտնիների «գլխին սարքող» Դելոն ասաց, որ «Վերջին զանգի» մասնակցել է, բայց ոչ իր, այլ' եղբոր: Դելոյի խոսքերով. «Վերջին դասարանում հիմնականում գնում էի ՈւՀԱ-ի. դասի չէի գնում, դրա պատճառով էլ իմ «Վերջին զանգը» չունեցա»: Պատասխանելով' ի՞նչ արտառոց կամ տարօրինակ բան է հիշում այդ օրվա հետ կապված հարցին, ասաց, որ ամենաարտառոցն ու տարօրինակը հենց ինքն էր: ՙԻնչ ասես անում էի' երգում, պարում, Շակիրային էի նմանակում՚,- մանրամասնեց Դելոն:

 

Վահրամ Պետրոսյան
Վահրամն ավարտել է Զեյթունի թիվ 125 դպրոցը, իսկ թե երբ է ավարտել, հրաժարվեց պատասխանել:
«Վերջին զանգին» միայն դասարանով էինք պատրաստվում. մենք ենք գրել մեր սցենարը, որովհետև համոզված էինք, որ գնված սցենարը հաստատ հետաքրքիր չէր լինի: Հիմնականում ուշադրություն էինք դարձնում տասը տարիների ընթացքում մեզ հետ պատահած զավեշտալի պատմությունների վրա, որոնք այս պահին չեմ հիշում: Ինչ վերաբերվում է ինձ, զբաղված էի երաժշտական մասով. նվագում էի, երգերի բառերն էի փոխում՚,- հիշեց Վահրամը: Խոստովանում է, որ շատ ուրախ էր դպրոցն ավարտելու կապակցությամբ, որովհետև այդ ժամանակ ավելի շատ երաժշտական կրթություն ստանալու մասին էր մտածում: Վահրամի «Վերջին զանգն» ու ավարտական երեկոն նույն օրն են կայացել: «Հիշում եմ, որ ավարտական երեկոյին չգնացի, որովհետև գումար չունեի: Հիմա չեմ հիշում որքան գումար էին հավաքում, բայց փոխարենը մի քանի երեխաներով ավելի լավ ժամանակ անցկացրինք»,- անկեղծ ասաց Վահրամը:

 

Էրիկ Կարապետյան
Ավարտել Է Թբիլիսիի թիվ 73 ռուսական դպրոցը' 2006թ.: «Վերջին զանգ» չեմ ունեցել, փոխարենը' 9-րդ դասարանում կազմակերպել էինք ավարտական երեկո»,- ասաց 2011-ի «Լավագույն երգիչը»: Ըստ նրա' բավականին հետաքրքիր ու երաժշտական էր երեկոն. «Մինչև առավոտ երգում, պարում էինք: Ինքս նույնպես երգել եմ: Ամեն անգամ, երբ հիշում եմ հավաքը, շատ լավ ու բարի հիշողություններ են արթնանում ինձ մոտ,- վերհիշեց երգիչը, ով իր դպրոցական ընկերների հետ կապը պահում է առ այսօր: -Երբ Վրաստանում եմ լինում, անպայման հավաքվում ենք: Թեպետ ընկերներիս մի մասը Ռուսաստանում է, սակայն հեռավորությունը չի խանգարում միմյանց հետ շփվելուն:

 

Արփինե Իսրայելյան
Դերասանուհի, այժմ հաղորդավարուհի Արփինե Իսրայելյանի «Վերջին զանգը» հնչել է 2007թ. Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Ասում է' այդ օրը շատ ուրախ է անցել իր համար ու առանց արցունքների: «Ճիշտ է, որոշակի հուզմունք կար, բայց ես ուրիշների նման չեմ լացել. այդքան հուզառատ չէր հրաժեշտը: Պարզապես մի քիչ տխուր էի, որ այլևս ընկերներիս հաճախ չեմ տեսնելու»,- ասաց Արփինեն: Նա հումորով է հիշում «Վերջին զանգի» համար պատրաստած իրենց բեմադրությունը: «Այնքան լավ չեմ հիշում մանրամասները, միայն հետաքրքիրն այն էր, որ ուսուցիչներին ասոցացրել էինք մաֆիայի ներկայացուցիչների հետ»,- ժպիտով հիշեց Արփինեն:

Պարզվում է' հաղորդավարուհին այնքան էլ չի սիրել դպրոցը. «Ինձ համար իմ ուսանողական տարիներն ավելի հետաքրքիր էին: Չգիտեմ' ինչու, բայց դպրոցն այնքան էլ չեմ սիրել»,- անկեղծ խոստովանեց Արփինեն և ավելացրեց, որ այդ փաստը չի խանգարել լավ հարաբերություններ ունենալ ուսուցիչների հետ: Շատ է սիրել ուսմասվարին' տիկին Ռ. Սարգսյանին:

Արփինեն էլ բոլոր աշակերտների նման խենթություններ ու չարաճճիություններ է արել դպրոցական տարիներին. դասարանով կազմակերպել ու փախել են դասերից: «Դպրոցում չարաճճի եմ եղել: Կարոտում եմ, բայց ոչ դպրոցը այլ դպրոցական տարիները»,- նշեց հաղորդավարուհին: Ըստ նրա' այսօր էլ երբեմն այցելում է դպրոց, հանդիպում ուսուցիչների հետ, իսկ դասընկերների հետ կապը հիմնականում հեռախոսով է ստացվում պահպանել:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ