esyes.am-ը պատմել է Հենրի Քոչարյանի «Փոքրիկ զորավարը» ֆիլմի մանրամասները և նշել, որ հունիսի 1-ից այն մեծ էկրաններին կլինի: Իսկ երեկ' մայիսի 31-ին' Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի փակ դիտումը, որին հրավիրված էին ոչ միայն դերակատարները, այլև հայտնի մարդիկ:

Մինչ ֆիլմի մեծ էկրան բարձրանալը բոլոր հրավիրվածներին ողջունեց ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Հենրի Քոչարյանը և նշեց, որ իրենք այս աշխատանքը ստեղծել են առանց հովանավորների'իրենց ուժերով: Հենրին խոսեց նաև գլխավոր դերակատարին մարմնավորած 8-ամյա Արամ Այվազյանի մասին: «Արամը ապացուցում է, որ դերասան ոչ թե դառնում են, այլ ծնվում»,-ասաց նա:
Ֆիլմի մասին պատմելիս նշել էինք, որ այս կատակերգության մեջ երկու երիտասարդ առևանգում են գլխավոր հերոսին, որպեսզի փրկագին պահանջեն, սակայն երեխան իսկական պատուհաս է դառնում նրանց գլխին: Ֆիլմում ներկայացված տեսարանները ևս մեկ անգամ փաստում են, որ այնքան էլ լավ միտք չէր հարուստի երեխային արևանգելը, քանի որ նրա միջոցով ոչ միայն գումար չեն կարողանում վաստակել, այլև ստիպված են լինում իրենք վճարել' երեխայի ճիրաններից դուրս պրծնելու համար:)

Ֆիլմի դիտումից հետո գլխավոր դերակատարներից մեկը' Կարապետ Հովհաննիսյանը, ևս նշեց, որ Արամի հետ շատ հեշտ էր աշխատելը. «Երեխայի հետ ավելի հեշտ էր, քան Հենրիի (ծիծաղում է,-հեղ): Արամի հետ նկարահանումները շատ ուրախ և արագ են անցել: Իսկ Հենրիին վաղուց եմ ճանաչում և նրա հետ առիթներ ունեցել եմ աշխատել նաև ներկայացումներում»:
Ինչպես նշեցինք, ֆիլմի դիտմանը կային նաև հայտնի մարդիկ. դերասանուհի Արփինե Իսրայելյանը՝ ամուսնու, Աննա Դավթյանը՝ նշանածի հետ, ռեժիսոր Ելենա Արշակյանը, «Անի քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարը և այլք:

Դերասանուհի Աննա Դավթյանը esyes.am-ին ասաց, որ անչափ ուրախ է իր ընկերոջ' Հենրիի համար. «Հենրին իմ կուրսեցին ու շատ լավ ընկերն է: Ուրախ եմ, որ վերջապես տեղի ունեցավ պրեմիերան: Ասեմ, որ շատ մեծ աշխատանք էր կատարել առանց հովանավորների ու որևէ մեկի աջակցության: Թե որքանով էր այն ստացված, ժամանակն ու հանդիսատեսի արձագանքը ցույց կտան: Կարող եմ ասել, որ դրական լիցքեր ստացա, ծիծաղեցի»:
Նշենք, որ այսօրվանից ֆիլմը կարող եք դիտել Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում:

Ներկա էր Արևիկ Իսաջանյանը