ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է «Պապարացի» ֆիլմի նկարահանումների մասին: Թեև ֆիլմի պրեմիերան նախատեսված էր սեպտեմբերին, տեխնիկական որոշ խնդիրների պատճառով այն մեծ էկրան բարձրացավ երեկ՝ հունվարի 15-ին:
Գլխավոր հերոսուհուն մարմանվորած Նադի Իսպիրյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է, շնորհակալություն հայտնեց առաջնախաղին ներկա լինելու համար: «Այսօր ես կբացահայտեմ իմ հաջողության գաղտնիքը. դա այն է, որ ես շնորհակալ մարդ եմ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ համար նույնիսկ հեռախոսահամար են գտել, փողոցում պաստառներ են փակցրել և այլն»,- ասաց նա և ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ոճրագործության զոհ դարձած գյումրեցի ընտանիքի անդամների հիշատակը:
Սա Նադի Իսպիրյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմում նկարահանվել են հիմնականում երիտասարդ դերասաններ՝ Աննա Մանուչարյանը, Աշոտ Հակոբյանը, Արմեն Դալլաքյանը, Հայկ Հովհաննիսյանը, Էդգար Սարգսյանը, Մանանա Գևորգյանը, Քրիստինա Կարապետյանը, ինչպես նաև՝ Գայանե Կաթունյանը, Աննա Գևորգյանն ու այլք։
«15.01.15-ին կայացավ Հայաստանում առաջին երիտասարդական դրամայի պրեմիերան: Ասեմ, որ արդյունքից շատ գոհ եմ. իմ սպասումներն արդարացան, որտեղ պետք էր՝ հանդիսատեսը լարված հետևեց ֆիլմի ընթացքին, որտեղ պետք էր՝ ծիծաղեց»,-նկատեց նա:
Ըստ Նադիի՝ հանդիսատեսը սպասում էր միայն դրամա տեսնել, սակայն ընթացքում պարբերաբար զարմանում էր ու ծիծաղում: Ի դեպ, ֆիլմի վերջում ռեժիսորը չորս րոպեում ներկայացրել էր չստացված, ծիծաղելի կադրերը:
Նադիի փոխանցմամբ՝ միայն լավ արձագանքներ է ստացել, ամենից շատ իրեն հարցրել են, թե ինչու էր ֆիլմն այդքան կարճ, եթե լիամետրաժ էր: «Բոլորին թվացել է, թե ֆիլմը շատ կարճ է, սակայն այն 1 ժամ 30 րոպե է: Փաստորեն՝ դինամիկ ընթացքի պատճառով հանդիսատեսը չի էլ նկատել, թե ինչպես է ժամանակն անցել,- նշեց ռեժիսորը և շարունակեց,- Ասացին նաև, որ ֆիլմում բոլոր ժանրերից էլ մի քիչ կային»:
Նշենք, որ հանդիսատեսի շարքերում էին նաև դերասաններ Մովսես Երեմյանը, Աննա Հարությունյանը, Տաթևիկ Ադումյանը, երգիչներ Գուժը, Նանան և այլք:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը