Esem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 10-ին նախատեսվում էր՝ «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի առաջնախաղը և ներկայացրել էր մի շարք մանրամասներ:
Կնոջ անմեղ ստով սկսվող ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն արդեն կայացել է: Պրեմիերայից հետո դերասաններն իրենց տպավորությունների մասին պատմեցին esem.am-ին:
Ինչպես բոլոր դերասանները, Զառա Արամյանը ևս առաջին անգամ էր տեսնում ֆիլմի ամբողջական տարբերակը: «Շատ թեթև, շատ լավ, առանց ավելորդ հահա-հիհի-ի, ճիշտ, տեղին ֆիլմ է: Հուսով եմ՝ հանդիսատեսի համար էլ հաճելի, լավ, թեթև և հանգիստ կինոնկար կլինի Թեև այն փառաբանում է, որ չի կարելի ստել, ես, որպես կին, պետք է ասեմ' միշտ չէ, որ 2×2-ը 4 է:),- ասաց Զառան և հավելեց, որ իր կերպարն իր հետ ոչ մի կապ չունի:)
Հարություն Մովսիսյանը ֆիլմի միջոցով մի բացահայտում է արել իր համար: «Ես հասկացա, որ տրագիկոմիկ դերասան եմ,- ասաց նա և ավելացրեց, որ շատ լարված է դիտել ֆիլմը, քանի որ սովորաբար ֆիլմը գնահատում է ժողովրդի արձագանքով: -Այսօր այստեղ շատ խստապահանջ հանդիսատես էր, քանի որ քաջածանոթ է կինոյին, արվեստին: Շատ եմ կարևորում նաև ժողովրդի կարծիքը, հուսով եմ՝ կհավանեն: Ամեն դեպքում այս ֆիլմում կա բարություն և չկա կոմերցիա»:
Ֆիլմի երաժշտության և սաունդթրեքի հեղինակ Արսեն Գրիգորյանը մի շնչով է դիտել ֆիլմը. «Շատ լավ, շատ թեթև ֆիլմ էր, որը մի շնչով դիտեցի: Թեև ֆիլմն ուներ իր տրագիկ պիկը, որը շատ հուզիչ էր, այն ծանր չէ»: Ֆիլմի սաունդթրեքը Արսենի համար ոճային կտրուկ փոփոխություն էր, սակայն նա իր հանդիսատեսին խոստանում է, որ առաջիկայում նմանատիպ երգեր էլի են լինելու. «Ի սկզբանե այլ երգ էր նախատեսված ֆիլմի համար, սակայն ստեղծագործական երկար աշխատանքից հետո հասկացանք, որ ֆիլմին այս երգն է պետք և սկսեցի աշխատել այս երգի ստեղծման վրա»: Նշենք, որ Արսենը երաժշտության հեղինակն է, խոսքերը գրել է Քրիստ Մանարյանը:
«Ինչ է ուզում կինը» հաղորդման հաղորդավարուհի Լիլիթ Մելքումյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք կինն ուզում է ստել. «Չէ, կինն իհարկե սուտ չի ուզում, ստից են սկսվում բոլոր տեսակի թյուրիմացություններն իրենց շղթաներով: Էսպիսի ֆիլմերի կարիք հիմա շատ կա, քանի որ մարդիկ շատ ծանր առօրյա ունեն: Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու թեթև: Դերասանները շատ պրոֆեսիոնալ էին, կերպարները՝ տպավորիչ: Ես առիթ ունեցա մեկ անգամ ևս հիանալու և համոզվելու, որ մեծ դերասան ունենք, ով լրիվ բացահայտված չէ. նա Արթուր Հակոբյանն է»:
Առաջնախաղին ներկա էին Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի հետ, Զառա Արամյանը, Զառա Սահակյանը՝ ամուսնու՝ Դավիթ Հարությունյանի հետ, Արթուր Հակոբյանը՝ կնոջ և դստեր հետ, Հարություն Մովսիսյանը, Գայանե Փայտյանը՝ ամուսնու հետ, Լիլիթ Մելքոնյանը՝ ամուսնու և դստեր հետ և այլք:
Հիշեցնենք, որ «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմի բեմադրող ռեժիսորը Քեռի Մուլտիկնիկն է՝ Կորյուն Մայիլը:
Ի դեպ, ֆիլմն ավարտվում է Պարույր Սևակի հայտնի խոսքերով. «Ինչքան էլ թանկ լինի ատամը, ցավելիս հանում են, գցում»: Թե ինչու և ինչպես, կարող եք իմանալ ֆիլմը դիտելուց հետո:)
Լուսանկարները՝ Վարդ Բաղդասարյանի