Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ վերջին ամսում բավականին շատ քննարկված «Ապակե կախազարդը» ֆիլմի պրեմիերան:
Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանումներն իրականացրել է «Այսօր-Պլյուս» կինոընկերությունը, բեմադրող ռեժիսորները, սցենարի հեղինակներն ու պրոդյուսերները Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանն են:
Գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը և այլք։ Ֆիլմը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Տղան, բանակում ծառայության ժամանակ հեռախոսազրույցից իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ հղիության ընդհատման վերաբերյալ միասին որոշում կայացնելու: Ճանապարհին գնացքի մեջ տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, որ գլխավոր հերոսի կարծիքով' իր պատճառով է տեղի ունեցել, նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:
Ֆիլմ արդեն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին: Օրինակ' Կաննի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն, կինոգետ Քրիստիան Ժյուն ֆիլմի վերաբերյալ հետևյալ կերպ է արտահայտվել. «Անկեղծ, ես հավանեցի ֆիլմը, թե ինչ է այն պատմում մարդկային հարաբերությունների, մարդկության և Հայաստանի մասին: Այս դեպքում նույնիսկ եթե այն մի պատմություն է' հիմնված հայկական իրականության վրա, ապա նույնքան էլ համամարդկային է»:
Mediamall.am-ի հետ զրույցում ռեժիսորներ և պրոդյուսերներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը ֆիլմի անվանումը պարզաբանեցին հետևյալ կերպ. «Ապակե կախազարդը» այն փխրուն խորհրդանիշն է, որի մասին պատմվում է այս ֆիլմում։ Դա այն փխրուն հարաբերությունն է, որ ունենում ենք մենք սիրահարված ժամանակ, դա այն փխրուն զգացումն է, երբ աղջիկը հղիանում է, դա այն է, երբ ամեն վայրկյանը վտանգի մեջ է, միևնույն ժամանակ՝ թանկագին»։
Իսկ այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք ֆիլմի հայաստանյան ցուցադրությունից և համաշխարհային պրեմիերայից, վերջիններս պատասխանեցին. «Հայաստանյան պրեմիերան կարևոր է նրանով, որ հանդիսատեսը հենց ֆիլմի հերոսն է, այսինքն' ֆիլմում ներկայացվում է հայկական միջավայր և հանդիսատեսը հնարավորություն է ունենում նույնացնել իրեն ֆիլմի հերոսների հետ, վերապրել նրանց հույզերը, կարեկցել և սիրել նրանց»։
Համաշխարհային պրեմիերան կարևոր է ֆիլմի միջազգային ճանաչման համար, որը նպաստում է ֆիլմի առաջխաղացմանը, նաև' հնարավորություն ստեղծում ներսից հասկանալ և ընկալել հայ մարդուն»։