Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ից մեծ էկրան կբարձրանա նոր գեղարվեստական ֆիլմը, որը, դեռ չցուցադրված, բավականին շատ քննարկվեց: Մինչ այդ ֆիլմի մասին Mediamall.am-ի հետ զրուցեց ֆիլմի գլխավոր դերասանուհի Մագդալենա Մնացականյանը:
«Վերջին շրջանում համացանցում շատ է քննարկվում «Ապակե Կախազարդը» ֆիլմի թրեյլերը:
Մեր երիտասարդներից շատերն իրենց ուշադրությունը սևեռել են հիմնականում «բաց» տեսարանների վրա, ու, ասես, դա է դարձել ֆիլմի հիմնական «գայթակղիչ» գործոնը:
Նախ ուզում եմ ասել, որ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի այս ֆիլմն իմ առաջին աշխատանքն է մեծ կինոյում։ Թեև փորձի պակաս կար, բայց, միևնույն ժամանակ, մեծ նվիրվածության շնորհիվ փորձում էի ստեղծել այն հավաստի կերպարը, ում ցանկանում էին հեղինակները:
Ֆիլմը երկու երիտասարդի փխրուն ու նուրբ սիրային պատմություն է, որի հիմքում հավատարմությունն է, անկեղծությունն ու նվիրվածությունը։ Հեղինակների մոտեցումն ինձ համար նորույթ էր, և կարծում եմ` այդ տեսակ դրամատուրգիական լուծումները կարող են շատ կինոսիրողների հետաքրքրել:
Ովքեր, այնուամենայնիվ, փորձում են ֆիլմում պոռնոգրաֆիկ տեսարաններ տեսնել, պետք է շեշտեմ, որ վերոնշյալ «բաց» տեսարանները զերծ են նմանատիպ ենթատեքստից: Իսկ բոլոր նրանք, ում ամենաշատը հետաքրքրում է, թե ով է խաղացել «բաց» տեսարաններում, կարծում եմ` դրա պատասխանը կստանան ֆիլմի ավարտից անմիջապես հետո՝ մեծ էկրանին»,-ասաց դերասանուհին: