Սեպտեմբերի 7-ից մեծ էկրան կբարձրանա ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» նոր գեղարվեստական ֆիլմը։ Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։ Հեղինակների ֆիլմերը մասնակցել են ավելի քան 40 միջազգային կինոփառատոնների, այդ թվում՝ Բեռլինի, Մոնրեալի, Ռոտտերդամի, Բուսանի, Էդինբուրգի, Սիդնեյի, Մոսկվայի, Գոթեբուրգի, Տոարմինայի, Օդենսեի, Կոտբուսի, Կալկաթայի, Տարագոնայի եւ այլն, ստացել մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում: Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում, որի աշխատանքներին աջակցել են «Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հարավկովկասյան Երկաթուղին», ինչպես նաեւ բազմաթիվ այլ տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններ՝ Harmony Fields ընկերությունը՝ (Ճապոնիա), Center for Bio-Ethical Reform (ԱՄՆ), Deutsche Grammophon (Գերմանիա), APM (Կորեա) եւ այլ։
Մինչ ֆիլմի պրեմիերան ներկայացնում ենք որոշ հետաքրքրական մանրամասներ ֆիլմի մասին։
Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Հեղինակների բնութագրմամբ՝ «ֆիլմը սիրո եւ կյանքի արժեւորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու»։ Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը, որոնց ընտրությունը կատարվել է մոտ 300-ից։ Ֆիլմում նկարահանվել են նաև Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը և այլք։ Ֆիլմի օպերատորն է Արտավազդ Խաչատուրյանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է ճանաչված ճապոնուհի կոմպոզիտոր՝ Կատո Կանակոն։ Ինչպես նաեւ ֆիլմում հնչում է համաշխարհային դասականներ Վ. Ա. Մոցարտի և Յ. Բրամսի երաժշտությունը։
Ֆիլմը նկարահանվել է միջազգային ամենաբարձր չափանիշներով՝ 35մմ կինոժապավենով, (Dolby 5.1 SRD) հնչյունավորման աշխատանքներն իրականացվել են «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում։
Համաշխարհային պրեմիերային ընդառաջ, հեղինակները որոշել են անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին՝ ցուցադրել ֆիլմը Երեւանում։ Հայ հանդիսատեսն արդեն սեպտեմբերի 7-ից հնարավորություն կունենա այս ուշագրավ ֆիլմը դիտելու Երևանի կինոթատրոններում։ Ֆիլմը նախատեսված է 18+ հանդիսատեսի համար։
Ֆիլմն արդեն արժանացել է բազմաթիվ մասնագետների բարձր գնահատականին։ Այն դիտելուց հետո, ավստրիացի աշխարհահռչակ կինոռեժիսոր ՈՒլրիխ Զեյդլն ասել է. «Ես ֆիլմը շատ հավանեցի։ Սա մի սիրո պատմություն է՝ առանց գունազարդումների եւ ճշմարտացի հայացք՝ հայ հասարակությանը։ Գերազանց է։»