Երեկ «Գոյ» թատրոնում պրեմիեր էր. հանդիսատեսի դատին հանձնվեց Աղասի Այվազյանի «Դեկորներ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը, որի ռեժիսորը Սամսոն Ստեփանյանն է: esyes.am-ի հետ զրույցում պարոն Ստեփանյանն ասաց, որ ներկայացումն այն ժանրի էր, որում մենք այժմ ապրում ենք: «Աբսուրդի ժանրն է' տրագիկոմեդիայի երանգներով,-ասաց բեմադրիչը և նշեց, թե ինչու է ընտրել Աղասի Այվազյանի հենց այս ստեղծագործությունը,- այդ մեծ մտածողն իմ կուռքն է, սակայն առիթ չէի ունենում բեմադրել նրա ստեղծագործություններից որևէ մեկը, որովհետև հիմնականում բեմադրված էին: Այս գործը բեմադրված չէ ու նաև բարդ գործ է. գուցե դա էր պատճառը, որ ընտրեցի այս ստեղծագործությունը»:
Ռեժիսորը մեր կյանքում դեկորների առկայությունը հետևյալ կերպ է բացատրում: «Մեր աշխարհն է դեկորներից հիմնված, մեր ամբողջ կյանքը պայմանական դեկորներն են, մենք դեկորների մեջ ենք: Ստեղծում ենք դեկորներ՝ պայմանական աշխարհ, որտեղ ապրում ենք և փորձում դա վերագրել իրականությանը, սակայն իրականությունը դա չէ և այն բազմաշերտ երևույթ է»,- համոզված է Սամսոն Ստեփանյանը:
«Դեկորներ» ներկայացման հիմնական դերակատարները տղամարդիկ էին'Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը և Սարգիս Չոլոյանը, իսկ միակ աղջիկ դերակատարը դերասանուհի Աննա Հարությունյանն էր, ով նշեց, որ մինչև ներկայացման մեջ խաղալը ծանոթ չի եղել Աղասի Այվազյանի այս գործին, սակայն շատ ուրախ է, որ թատրոնում բեմադրվում են հայ ստեղծագործողների, մտածողների աշխատանքներ. «Աղասի Այվազյանը, լինելով հայ գրող, կարողացել է համամարդկային արժեք ներկայացնել»: Աննայի համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ իրենից դեկոր է ներկայացնում և կառավարվում է վերին ուժերի' Աստծո կողմից:
Նշենք, որ ներկայացումն ընթանում է ըստ մասերի և կազմված է իրար հաջորդող 9 մասից: Բեմում հայտնված տղամարդիկ մշտապես փնտրում են իրենց տեղը, սակայն գտնելով այն, մտածում են, որ այդպիսով զրկվում են իրենց ազատությունից: Մասերից մեկում էլ, որը վերնագրված էր «Առանց մեկնաբանության», հայտնվում է կինը' իր բազմոցով և այդտեղ հասկանում ես, որ ամեն բան կախված է կնոջից: Ներկայացման ընթացքում ևս նշվում է, որ տղամարդը կարող է մեկ ժամ քննարկել, թե տվյալ իրը որտեղ դնի, սակայն կինը կարող է գալ և ամեն բան խառնել իրար: «Պատահական չէ, որ համամարդկային արժեք ներկայացնող այս գործում Աղասի Այվազյանը ներառել է նաև կնոջը»,-ասաց դերասանուհի Աննա Հարությունյանը, ում համար մեծ պարծանք է սերիալի ավարտից հետո նման դերով հանդես գալը, ինչի համար էլ շնորհակալ է պարոն Ստեփանյանին:
Տեղեկացնենք, որ ներկայացումը դիտելու և իրենց գործընկերների խաղին հետևելու էին եղել դերասաններ Անի Երանյանը, Էթերի Ոսկանյանը, Կարեն Բաբաջանյանը և այլք:
Ներկայացումը դիտեց Արևիկ Իսաջանյանը