Ձիու տարում ծնված դերասանուհի Արփինե Իսրայելյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը: 24 տարին բոլորած դերասանուհին ESem.am-ին պատմեց, որ ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալների պակաս չի ունեցել:

 

Կեսգիշերին Արփինեին անակնկալ է մատուցել իր և ամուսնու ընկերներից մեկը: «Դեռ 12-ը չկար, ամուսնուս ընկերը կնոջ հետ եկավ մեր տուն փուչիկներով, շամպայնով ու հրավառությամբ: Նստեցինք, զրուցեցինք, երբ մոտենում էր 12-ը, հասկացանք, որ ամուսինս մեզ հետ սենյակում չէ: Ուղիղ կեսգիշերին նա ներս մտավ նախապես պատրաստած տորթով, կրկին հրավառություն եղավ ու ընկերներով նշեցինք տարեդարձս»,-ասաց այժմ «Ամնեզիա» սերիալում նկարահանվողդերասանուհին:

 

 

Տորթի մոմերը փչելիս Արփինեն անձնական երազանք է պահել: «Ուշադրություն չեմ դարձնում անցած տարվա երազանքս կատարվե՞լ է, թե՞ ոչ: Ամեն տարի նոր երազանք եմ պահում, որովհետև տարիների ընթացքում կյանքը փոխվում է, երազանքներն ու նպատակները` ևս»,- նշեց նա:

 

Դերասանուհու խոսքով` թեև այս տարի իր տարին էր, ի սկզբանե տրամադրված չի եղել նշել տարեդարձը. առավոտյան արթնացել ու սովորականի պես շտապել է նկարահանման, որից հետո էլ մայրիկի հետ գնումների է գնացել ու վերջինիս կողմից նվեր ստացել: Այնուհետև տանը մնալու և հյուրեր ընդունելու փոխարեն, Արփինեն որոշել է ինքը հյուրընկալվել ընկերուհիներից մեկին: «Զանգեցի ընկերուհուս, ճշտեցի տանն է, թե ոչ, գնացի նրա տուն, մեզ միացավ նաև մեր մյուս ընկերուհին: Զրուցեցինք, իհարկե, նաև նշեցինք ծնունդս»,-ասաց դերասանուհին, ով տուն վերադառնալուց հետո ամուսնու կողմից է նվերի արժանացել: «Ներսեսը գնել էր երեկոյան այն զգեստը, որը մի քանի օր առաջ տեսել ու հավանել էի»,- հայտնեց նա:

 

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ Արփինեն ամուսնացած կնոջ կարգավիճակում է նշում տարեդարձը: Ըստ նրա` տարբերությունը նախորդ տարիներից այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում ինքն է տան կինն ու ինքնուրույն է դիմավորում հյուրերին: Նրա խոսքով` միշտ էլ սիրում է ծննդյան տարեդարձերը տանը նշել: «Տան ջերմությունն այլ է. տանն ունեցած բոլոր տարեդարձերս էլ տարբերվում են այլ վայրերում նշածներից»,-ասաց դերասանուհին և շեշտեց, որ անցած բոլոր ծնունդներն էլ ինչ-որ ձևով առանձնացել են:

 

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը