ESem.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանում նկարահանվել է ԱԻՆ փրկարարների մասին պատմող 16 մասանոց ֆիլմում: Տևական դադարից հետո այս ֆիլմում է նկարահանվել նաև դերասանուհի Արփինե Իսրայելյանը: ESem.am-ը նրա հետ խոսել է նոր կերպարի և այն կերտելու դժվարությունների մասին:

 

 

Արփինեի փոխանցմամբ` մարմնավորել է հաշմանդամություն ունեցող Աստղիկին, ով որպես հեռախոսավարուհի աշխատում է ԱԻՆ նախարարությունում: «Աստղիկը շատ կենսուրախ աղջիկ է. ամեն օր աշխատանքի է գնում ու պատասխանում հեռախոսազանգերին,-ասաց դերասանուհին, ով մինչ այս դերը խաղալը, նախարարությունում փորձաշրջան է անցել ու շփվել այնտեղ աշխատող հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: -Որոշ հմտություններ եմ ձեռք բերել, որոնք ինձ անհրաժեշտ էին նկարահանման համար. սովորել եմ անվասայլակով տեղաշարժվել և այլ բաներ: Առաջին անգամ էի ներկայանում նման դերով: Չեմ կարող ասել, որ հեշտությամբ եմ կերտել Աստղիկի կերպարը: Թեև նա կենսուրախ է, բայց ներսում մի բան կա, որը տեսանելի է միայն աչքերի միջոցով: Փորձել եմ ներկայացնել այդ ամենը»:

 

 

Նշենք, որ ֆիլմում Աստղիկն ամուսնանում է գլխավոր հերոսներից մեկի` ԱԻՆ հատուկ ջոկատում աշխատող Ռոբի հետ, ում մարմնավորում է Սուրեն Փահլևանյանը: Դերասանուհու փոխանցմամբ` ֆիլմից հետո այլ նորություններ էլ կունենա:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը