Երեխաները տարբեր կարգի տեղեկություններ են օգտագործում՝ իրենց մասին պատկերացում կազմելու համար։ Այլ մարդկանց և հատկապես ծնողների հետ իրենց հարաբերությունների միջոցով նրանք դատողություններ են անում սեփական կարևորության մասին։ Նրանք նաև գնահատում են իրենց կարողությունները՝ նշելով սեփական հաջողությունները և անհաջողությունները։ Երեխաները սովորում են, որ իրենք "լավն են" կամ "վատն են"՝ համեմատելով սեփական վարքը իրենց ուսուցիչների, ծնողների կողմից սահմանված չափանիշների հետ և տեսնելով, թե որքան ազդեցություն ունեն սեփական կյանքի և ուրիշների վրա։ Բացի դրանից, ծնողները հաճախ ասում են երեխաներին, թե ինչ կարծիքի են նրանց մասին։ Շատ անգամ երեխաները թյուր պատկերացում են կազմում իրենց մասին։ Նրանք սխալ են մեկնաբանում ուրիշների արձագանքները կամ ավելի շատ կարևորություն են տալիս դրանց, քան պետք է։

 

Օրինակ, երբ երեխայի մասին հաճախ ասում են, թե նա "չարաճճի սատանի ճուտ է", երեխան կարող է դրա հիման վրա անբարենպաստ կարծիք ստեղծել իր մասին։Կարևոր է նախ նկատել, որ երեխան տառապում է ցածր ինքնագնահատականից, ապա վերլուծել դրա պատճառները։ Իրենց ցածր գնահատող երեխաները կարող են համարել, թե հիասթափեցնում են մարդկանց և ամաչեն դրանից։ Նրանց կարող է դուր չգալ սեփական արտաքինը, հասակը, սեռը, և նրանք կարող են երազել բոլորովին ուրիշը դառնալ։ Նրանք կարող են համարել, որ իրենց ձեռնարկած ամեն բան սխալ է գնում, կամ էլ, որ իրենք դժվարություններին չեն դիմանում։ Երբեմն նրանք դժվարությամբ են տանում անհաջողությունները։ Երբեմն զգում են, որ ավելի լավ կարող էին սովորել դպրոցում։ Նրանք կարող են իրենց ավելի ցածր զգալ, քան իրենց հասակակիցները և նախընտրեն խաղալ տարիքով ավելի փոքր երեխաների հետ։ Ցածր ինքնագնահատական ունեցող երեխաները կարող են հաճախ իրեն նյարդայնացած, վախեցած կամ շփոթված զգալ և չսիրել նոր կամ արտասովոր զբաղմունքները։

 

Իրենց մասին վատ պատկերացում ունեցող երեխաները կարող են չսիրել մարդկանց մեջ գտնվել, կամ համարել, որ դուր չեն գալիս մարդկանց։ Արդյունքում, նրանք շատ հաճախ անցկացնում են մենակ, հեռուստացույցի առաջ։ Նման երեխաները կարող են երազել, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց վրա և պատմություններ հորինեն՝ տպավորություն գործելու համար։ Հաճախ նրանք գովասանքների և քաջալերանքի կարիք են զգում գործն առաջ տանելու համար։

 

Խնդրին նպաստող հանգամանքները


Սեփական անձի մասին պատկերացումը ընտանիքի, ուսուցիչների, ընկերների և այլոց կողմից երեխայի ստացված տպավորությունների բարդ համադրությունն է:

1. Սովորաբար ամենից առաջ ի հայտ եկող բաղադրիչը ֆիզիկական պատկերն է։ Երեխան սովորում է մարմնի տարբեր մասերի մասին և գաղափար կազմում իր սեռական պատկանելության մասին։ Երբեմն մի որոշակի ֆիզիկական հատկանիշ անհամաչափ շեշտվում, չափազանցվում է, երբ, օրինակ, երեխային "Պոնչո" կամ "ճստիկ" մականուններ են կպցնում։ Անվերջ ծաղրի ենթարկվելով՝ երեխան անբարենպաստ ազդակներ է ստանում, ինչը կարող է վատ անդրադառնալ ինքնագնահատականի երկրորդ բաղադրիչի՝ հոգեբանական պատկերի վրա, որն ընդգրկում է սեփական անձին վերաբերող զգացմունքները և հույզերը։ Ինքնագնահատականի հետ առնչվող սթրեսի մեկ այլ աղբյուր կարող են հանդիսանալ երեխայի կողմից ստացվող հակասական տպավորությունները։ Երեխային անկանխատեսելի արձագանքներ տվող մեծահասակները մեծ դեր են խաղում՝ երեխային սեփական անձի հետ կապված կասկածներ ներշնչելով։ Երեխան շփոթության է մատնվում, երբ մի օր նրա կեղտոտ մռութը ծնողների մոտ ժպիտ է առաջացնում և "Ապա մի տեսեք ի՜նչ քաղցրիկն է" բացականչություններ, իսկ մեկ ուրիշ օր՝ նրանց դժգոհությունը՝ "փնթի անպիտանի" պիտակի արժանացնելով։

Ինչ կարող են անել ծնողները

- Կայուն, վստահելի, կանխատեսելի և արձագանքող միջավայր ապահովեք երեխայի համար։

- Խրախուսե՛ք երեխային, որպեսզի որոշումներ ընդունի, արտահայտի սեփական կարծիքը և ինքնուրույնություն դրսևորի։

- Ավելի շատ ժամանակ տրամադրեք լավ վարքը խրախուսելուն, քան վատ վարքի համար պատժելուն։

- Արժեքների և բարոյականության հստակ օրինակ ծառայեք։

- Օգնեք երեխային, երբ նա անհաջողություն է ունենում՝ հասկացնելով, որ սխալից շատ բան կարելի է սովորել, և որ անհաջողությունը կյանքի անխուսափելի, բնական մասն է։

- Ձևակերպեք ձեր սպասելիքները, կանոնները, սովորույթները կամ պատժամիջոցները դրական տեսքով։

- Ժամանակ տրամադրեք ազատ խաղի և հետազոտությունների համար։

- Համոզվեք, որ երեխան հնարավորություն ունի խաղալու իր տարիքի և այլ տարիքի երեխաների հետ, ինչպես ավելի մեծ, այնպես ավելի փոքր։

- Պահանջեք, որ երեխան մեծահասակների հանդեպ կիրթ, հարգալից և բարի վերաբերմունք դրսևորի։ Ինքներդ էլ նմանատիպ վարքագծի օրինակ ծառայեք։

- Լսեք, երբ երեխան խոսում է ձեզ հետ։

- Խրախուսեք երեխայի հետաքրքրասիրությունը և հնարավորություններ ստեղծեք, որպեսզի նա պատասխաններ գտնի՝ իր սեփական փորձից ելնելով։

- Օգնեք երեխային սեփական կարողությունների մեջ վստահություն ձեռք բերել ընթերցանության, գրի, թվաբանության և կյանքի դժվարություններին դիմակայելու տարրական հմտությունների շնորհիվ։

- Ապացուցեք, որ մեծահասակներին կարելի է վստահել։

- Հնարավորություն տվեք երեխային իմանալու, որ դուք գնահատում եք կարեկցանքը, հոգատարությունը, մարդկանց հետ կիսվելու ցանկությունը, շռայլությունը և օգնությունը։

- Մի՛ ուղղեք երեխայի սխալը կամ մի՛ ամաչեցրեք նրան ուրիշների առաջ։ Մի՛ պահեք ձեզ այնպես, իբր երեխայի մտահոգությունները, վախերը կամ անհանգստություններն անհեթեթ են։

- Մի՛ մոռացեք ներողություն խնդրել, եթե սխալ եք գործել, կոպիտ եք եղել բոքված։

- Չափից ավելի մի՛ դողացեք երեխայի վրա և մի՛ վարվեք այնպես, որ նա չզգա սեփական վարքի բնական հետևանքները։ Երբեմն խիստ կարգապահությունը ավելի շատ ծնողին է վնասում, քան երեխային։

- Մի՛ համեմատեք երեխային ուրիշների հետ։

- Յույլ տվեք, որ երեխան իր անձնական տարածքն ունենա տան մեջ, ուր կարող է դնել իրեն պատկանող իրերը և հարկ եղած դեպքում առանձնանալու որություն ունենալ։

- Թույլ մի՛ տվեք, որ երեխան իրեն ցածր դասի։

- Օրվա մեջ միշտ ժամանակ պլանավորեք երեխայի հետ երես առ երես շփման համար։

- Պետք չէ անիրատեսական պահանջներ դնել կամ կատարելություն ակնկալել:

- Մի՛ ապրեք ձեր կյանքը երեխայի միջոցով։ Երբ նկատեք, որ անիրավացիորեն պահանջկոտ եք, հարց տվեք ինքներդ ձեզ. "Արդյոք ես անում եմ սա երեխայիս համար, ինձ համար, թե ուրիշներին գոհացնելու"։

- Ցույց տվեք երեխային, որ գնահատում եք նրա ներդրումը արձակուրդի ընտանեկան որևէ միջոցառման պլանավորման հարցում։

- Երեխային ընտանեկան կարևոր հանձնարարություններ տվեք։

- Մի՛ կապեք ինքնագնահատականը սոսկ արտաքին տեսքի, առաջընթացի, նվաճումների հետ' աչքաթող անելով բարության, անկեղծության, անվեհերության կարևորությունը։

- Ցույց տվեք երեխային, որ հարգում եք նրա անհատականությունը՝ ջերմության և սիրո ֆիզիկական նշաններ ցուցաբերելով։ Ազատ, անկեղծ գովեք նրան։