Ամուսնությունը լավ է անդրադառնում տղամարդկանց ոսկրային համակարգի վրա, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք ամուսնացել են 25 տարեկանից ոչ շուտ, ասվում է Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի հետազոտության մեջ:

 

Գիտնականները հայտնաբերել են, որ 25-ից ավելի երիտասարդ տարիքում ամուսնացած տղամարդկանց ոսկրային համակարգի ամրությունը զիջում է այն տղամարդկանց ոսկրերի ամրությանը, ովքեր առաջին անգամ ամուսնացել են ավելի հասուն տարիքում: Հետազոտությունը տպագրվել է Osteoporosis International ամսագրում:

Բացի այդ, գիտնականներն ասում են, որ կայուն ամուսնական հարաբերություններ ունեցող տղամարդիկ, ովքեր նախկինում երբեք չեն բաժանվել, ավելի առողջ ոսկրային համակարգ ունեն, քան այն մարդիկ, ում ամուսնությունը չի հաջողվել: Ի դեպ, կայուն ամուսնական հարաբերություններ ունեցող մարդիկ ավելի առողջ են, քան երբեք չամուսնացածները:

 

Թեև կանանց դեպքում չի հայտնաբերվել ոչ մի նմանատիպ կապ ոսկրերի ամրության և ամուսնական հարաբերությունների միջև, հետազոտության հեղինակները հայտնաբերել են ապացույց առ այն, որ վստահելի կողակից ունեցող կանայք ավելի ամուր ոսկրային համակարգ ունեն, քան նրանք, ում կողակիցը չի գնահատում և չի հասկանում նրանց զգացմունքները, կամ ովքեր չեն ստանում աջակցություն այլ բնագավառներում:

Հետազոտության ղեկավար բժիշկ Քարոլին Քրանդալն ասել է, թե առաջին անգամ է հայտնաբերվել կապ ամուսնության որակի և ոսկրային համակարգի ամրության միջև: "Մենք չափազանց քիչ գիտենք ոսկրային համակարգի վրա սոցիալական գործոնների ազդեցության մասին' ի տարբերություն սոցիալ-տնտեսական գործոնների,"- ասել է նա: "Լավ առողջությունը կախված է ոչ միայն ճիշտ ռեժիմից, ինչպիսին է առողջ սննդակարգը և չծխելը, այլև' կյանքի այլ սոցիալական ասպեկտներից, օրինակ, ներանձնային հարաբերություններից:"

 

Գիտնականները օգտվել են 1995-96թթ.-ին անցկացրած "Միջին տարիքը ԱՄՆ-ում" (MIDUS) հետազոտության տվյալներից, որտեղ մասնակիցների տարիքը տատանվում էր 25-ից մինչև 75-ը: Մասնավորապես, հեղինակները օգտագործել են ազդրի և ողնաշարի ոսկրային խտության չափումների արդյունքները, որոնք ձեռք են բերվել երկրորդ հետազոտության ընթացքում մասնակիցների ոսկրերի խտության ստանդարտ ստուգումների ընթացքում' ուսումնասիրելու համար փոխադարձ կապը ոսկրային համակարգի առողջության և ամուսնության միջև' 294 տղամարդկանց և 338 կանանց շրջանում' ողջ երկրով մեկ: Նրանք նաև մասնակցել են այլ գործոնների ազդեցության քննարկումներին, օրինակ' դեղորայքը, առողջ ապրելակերպը և դաշտանադադարը:

Ամուսնության և ոսկրային համակարգի միջև փոխադարձ կապն ակնհայտ էր ողնաշարի դեպքում, սակայն ոչ ազդրի, ինչը, գուցե, պայմանավորված է ոսկրերի կառուցվածքի տարբերություններով, կարծում են գիտնականները:

 

Տվյալները ենթադրում են մի քանի էական հարաբերակցություն ամուսնության և ոսկրային համակարգի ամրության միջև, սակայն միայն տղամարդկանց մոտ: Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ երկարատև, կայուն ամուսնական հարաբերությունների դեպքում ոսկրերի խտությունն ավելի բարձր է, քան տղամարդկանց այլ խմբերում, ներառյալ այն տղամարդկանց, որոնք ներկայումս ամուսնացած են, սակայն նախկինում ունեցել են ապահարզան, տղամարդկանց, որոնք այժմ ամուսնացած չեն, և տղամարդկանց, որոնք երբեք ամուսնացած չեն եղել:

Մինչև 25 տարեկանը ամուսնացած տղամարդկանց շրջանում գիտնակաները հայտնաբերել են ողնաշարի ոսկրերի ամրության էական նվազում' կախված նրանց ամուսնության տարիքից:

"Շատ վաղ տարիքում ամուսնանալը տղամարդկանց համար վնասակար է, հավանաբար, ընտանեկան կարիքները հոգալու հետ կապված սթրեսների պատճառով,"- ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Արուն Կարլամանգլան Գեֆֆենի դպրոցի Գերիաթրիկ բաժնից:

Հեղինակները դժվարանում են նշել այն կենսաբանական ուղիները, որոնք կապում են ոսկրերի ամրությունն ու ամուսնությունը, սա կլինի իրենց հետազոտությունների հաջորդ փուլը: Սակայն բացահայտումները սահմանափակվում են այն փաստով, որ չկան ոսկրային ամրության երկարատև գնահատականներ, և, հետևաբար, այս բացահայտումները միայն ենթադրում են հավանական փոխադարձ կապ: