Արդյոք երեխաներ ունենալու մե՞ջ է երջանկության բանալին: Ունենալով երեխաներ՝ ծնողներն ավելի շա՞տ են վայելում կյանքը:
Կարծես թե՝ ոչ: Այն մարդիկ, ովքեր չունեն երեխաներ, իրենց կյանքով երջանիկ և բավարարված են նույնքան, որքան երեխաներ ունեցող ծնողները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր նախընտրում են այս կենսակերպերից որևէ մեկը, միանգամայն բավարարված են իրենց կայացրած որոշմամբ: Եթե մարդիկ ունեն զավակ, ուրեմն ցանկացել են ունենալ: Եվ հակառակը՝ մարդիկ, ովքեր երեխա չունեն, նշանակում է, որ դա իրենց որոշումն է: Եվ ճիշտ չէ այստեղ համեմատել, թե ով է ավելի երջանիկ:
Վիճահարույց արդյունքներ
Այնուամենայնիվ, այս թեմայով արված տարբեր հետազոտություններ ցույց են տվել իրարամերժ արդյունքներ: Օրինակ, որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ երիտասարդ ծնողների համար երջանկությունը նվազում է յուրաքանչյուր նոր երեխայի ծնվելուն զուգահեռ: Բայց նման ընտանիքներում ծնողները երջանիկ են լինում միջին տարիքում:
Այլ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծնողներն ավելի երջանիկ են, քան երեխաներ չունեցող մարդիկ: Ինչպես նաև պարզ է դարձել, որ որոշ ընտանիքներում երեխաները պատուհաս են ամուսնական բավարարվածության համար:
Կարևորը ընտրությունն է
"Ժամանակակից կյանքում երեխա ունենալը հիմնականում ընտրության արդյունք է",-ասում է Վարվիկի համալսարանի տնտեսագետ Էնդրյու Օսվալդը:
"Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում զավակ ունենալ, պարզապես երջանիկ են առանց երեխաների, հատկապես, եթե ունեն այնպիսի զբաղմունք, որը կատարելապես իմաստավորում է իրենց կյանքը",- ասում է Բրուքինգս հաստատության տնտեսագետ Քերոլ Գրահամը:
Այնուամենայնիվ, գոյություն ունի երեխաներ դաստիարակելու պարզորոշ մի առավելություն՝ թոռնիկները:
"Ակնհայտ է, որ երեխաները երջանկացնում են մեզ: Ամեն ինչ ավելի քան պարզ է. դու վայելում ես մանկիկ ունենալու հաճույքը՝ առանց կեսգիշերին արթնանալու", - ասում է Օսվալդը, ով թոռնիկ ունի: