Պարզվում է' ստամոքսը ոչ միայն մարսում է սնունդը, այլ նաև վերահսկում է սնվելու ժամանակը: Ըստ Ադելաիդայի համալսարանի հետազոտության' ստամոքսի նյարդերն աշխատում են ինչպես "ներքին ժամացույց", այսինքն' նրանք են որոշում, թե ըստ օրվա տվյալ ժամի, որքան հագեցած է մարդը և որքան պետք է սնվի:
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ' սկսած միաբջիջ բակտերիաներից մինչև մարդը, ենթակա է ռիթմիկ փոփոխությունների, որոնց մեջ ամենակարևորը օրական ցիրկադային 24 ժամյա տատանումներն են:
Մոլեկուլյար-բջջային մակարդակից սկսած' բոլոր պարբերական փոփոխություններն օրգանիզմում համարվում են գործունեության հիմնական օրինաչափություն: Կենսաբանական գործընթացների ռիթմիկությունը (պարբերականությունը) ամբողջ համակարգի ապահով աշխատանքի երաշխիքն է:
Ներկայումս առավել ուսումնասիրված են 24±4 ժամ պարբերական փոփոխությունները, որոնք ստացել են ցիրկադային ռիթմ անունը: Հենց այդ ռիթմերի աշխատանքին էլ հետևում են ստամոքսի նյարդերը:
Գիշերը, երբ մարմինը շատ էներգիայի կարիք չունի, նյարդերն ավելի արագ են արձագանքում' ուղեղին հաղորդելով, որ այլևս սնվելու կարիք չկա: Այս բացահայտումը կարող է բացատրել այն, թե ինչու են սովորաբար գիշերային հերթափոխով աշխատող մարդիկ խնդիրներ ունենում ավելորդ քաշի հետ:
Ըստ գիտնականների' այսուհետ սննդակարգ կազմելիս պետք է շեշտը դնել ոչ միայն ընդունվող սննդատեսակների վրա, այլ նաև հաշվի առնել այն ժամը, երբ ընդունվում է տվյալ սնունդը:
Գիտնականները պատրաստվում են շարունակել հետազոտությունները և պարզել, թե ինչպես է քաղցի հորմոնը փոխազդում "ներքին ժամացույցի" հետ: