Գիտնականները հայտարարում են, որ, հնարավոր է, իրենց հաջողվել է ստեղծել դեղորայք տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ: Այս խանգարումը տարեց մարդկանց տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Ներկայումս դրա դեմ որևէ դեղորայք գոյություն չունի:

Կան վիճելի տվյալներ դեգեներացիան հակաօքսիդանտների, օրինակ լյութեինի միջոցով բուժելու արդյունավետության վերաբերյալ: Կան նաև ներարկումներ, որոնք կոչված են կասեցնելու նոր արյունատար անոթների ձևավորումն աչքի մեջ:

Տաֆթս համալսարանում կենդանիների վրա կատարված փորձարկումերը ցույց են տվել, որ այնպիսի միացությունը, ինչպիսին PPADS-ն է, կարող է վերականգնել տեսողությունը:

Նախկինում արդեն իսկ հայտնի էր, որ մակուլյար դեգեներացիան մասամբ պայմանավորված է թաղանթը ճնշող համալիրի բարձր խտությամբ: Սովորաբար այս համալիրը ձևավորվում է օրգանիզմ ներթափանցող բակտերիայի մակերևույթին: Հետագայում այն անցքեր է բացում բակտերիայի մեջ և քայքայում այն:

Սակայան մակուլյար դեգեներացիայի պարագայում այս համալիրն ազդում է նաև ցանցաթաղանթի վրա՝ սպանելով այն և հանգեցնելով կուրության:

PPADS-ն առանձին օգտագործել չի կարելի, սակայն այն միացությունների հետ համատեղ այն կարող է հրաշալի հիմք հանդիսանալ դեղորայք ստանալու համար: