Ճապոնացի կենսաբաններին առաջին անգամ է հաջողվել աճեցնել արցունքագեղձ և թքագեղձ հատուկ մշակաբույսերից: Այնուհետև գիտնականները տեղափոխել են գեղձերը մկան մարմնի մեջ: Սա ցույց է տալիս, որ այս օրգանները հնարավոր է օգտագործել մարմնի վնասված հատվածների վերականգնման համար:

Սա տարատեսակ օրգանների նմանօրինակ տարբերակներ աճեցնելու բնագավառում ճապոնացի մասնագետների առաջին փորձը չէ: Օրինակ, սույն թվականի հուլիսին ճապոնացի կենսաբաններին հաջողվել էր աճեցնել լյարդի արհեստական կրկնօրինակը և միացնել այն մկան արյունատար համակարգին:

Այժմ Տակաշի Ցուդզին կարողացել է կրկնել իր գործընկերների հաջողությունը և աճեցնել թքագեղձ և արցունքագեղձ' ուսումնասիրելով դրանց առաջացման մեխանիզմը մկան սաղմի մոտ: Հետազոտության հեղինակներին հաջողվել է առանձնացնել սպիտակուցների և այլ ազդանշանային մոլեկուլների որոշակի շարք, որոնցով պայմանավորված է գեղձերի զարգացումը: