Համաշխարհային ճանաչում ունեցող փոփ-երգչուհի Մադոննան «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել է հայկական «Եփրեմ» ոսկերչական տան զարդերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան երգչուհին ընտրել է հայ ոսկերիչների պատրաստած յուրօրինակ թևնոցը, մատանին և օղերը: «Ըմբոստ հոգի» անվանումը ս տացած ոսկե  թևնոցն ամբողջությամբ պատված է սև ադամանդներով: Դրա ստեղծման հիմքում ընկած է  Մադոննայի նոր ձայնասկավառակը` նույն անունով և նկարով, որտեղ որգչուհու դեմքը փաթաթված է սև պարաններով:


«Եփրեմ» ոսկերչական տունը հայ ընտանիքին պատկանող բիզնես է, որի  սեփականատերերեն են  Ջոն, Լյուդվիգ Շաքարդեմյանները և նրանց քույրը` Վիրնան: Նախորդ տարի ոսկերչական տունը  նշել է ստեղծման 50-ամյակը: Ոսկերչական տան զարդերը նախընտրում են կրել այնպիսի աստղեր, ինչպիսիք են  Ջենիֆեր Լոպեսը, Օփրա Ուինֆրին, Ռիհաննան և այլք:

 

Ամերիկյան հեղինակավոր «Գրեմմիի» 57-րդ մրցանակաբաշխությունն այս տարի կայացել է փետրվարի 9-ին` Լոս Անջելեսում: Մրցանակաբաշխությունը դիտել են աշխարհի ավելի քան 25 մլն մարդ: «Գրեմմի»-ին 56-ամյա Մադոննան ներկայացել է ցլամարտիկի հագուստով, ինչպես Living For Love նոր տեսահոլովակում: