Արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված դերասանուհի, երգչուհի Հասմիկ Ղարիբյանը` Կարգին Հասոն, հարազատների, ընկերների, մտերիմների, նաև՝ երկրպագուների կողքին չէ ֆիզիկապես:


Դերասանուհին հիվանդության ողջ ընթացքում ընկերներից գաղտնի է պահել այն: Վերջիններս այդ մասին տեղեկացել են նրա ամուսնուց` Ներսեսից` խոստանալով Հասմիկի մոտ ցույց չտալ, որ տեղյակ են դրանից:

 

PressIdent.am-ը զրուցել է դերասանուհու գործընկերների հետ, ովքեր բազմաթիվ դերեր են կերտել նրա հետ:

 

 

 

Մկրտիչ ԱրզումանյանՄկո


Շատ պարզ խոսող ու ճիշտն ասող մարդ էր. երբ ինչ-որ բան դուրը չէր գալիս, անմիջապես ասում էր, մեջը չէր պահում:

Հիանալի մարդ էր, շատ լավ ընկեր. Չգիտեմ` հիմա իր թողած դատարկ տեղը ոնց եմ լրացնելու: Դեռ շատ բան կարող էր անել, բայց, ցավոք սրտի, չհասցրեց:

 

Հիվանդանալուց հետո շատ էինք խոսում, միասին ապագայի հետ կապված պլաններ գծում: Ասում էի` շատ բան դեռ միասին կանեք, դու միայն շուտ ապաքինվի:

 

Արմինե Պողոսյան


Հասմիկի հետ միայն նկարահաման հրապարակում եմ շփվել: Աշխատանքից դուրս մենք հաճախ չէինք հանդիպում: Նրա մասին միայն լավ բաներ կարող եմ հիշել ու ասել: Շատ դրական աուրա ունեցող մարդ էր: Մտնում էր նկարահանման հրապարակ, տարածքն ուրախությամբ էր լցվում:

 

Ամիսներ առաջ ԱՄՆ-ում էի, երբ Հասմիկի ամուսնու ընկերներից մեկից իմացա նրա հիվանդության մասին… Անկեղծ ասած, երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ այդ կենսախինդ աղջիկը կարող է այդքան լուրջ հիվանդությամբ տառապել: Զանգահարեցի նրան, առաջարկեցի հանդիպել, բայց մեր հանդիպումն այդպես էլ չստացվեց:

 

Անդրանիկ Հարությունյան` Անդո


Դեռ շոկի մեջ եմ, չեմ կորողանում և չեմ ուզում հավատալ, որ մեր «գիժ» ընկերը մեզ հետ չէ: Այդքան կենսախինդ, ուրախ, կյանքով լի կինը չպետք է այսքան շուտ մահանար: Դեռ այնքան անելիքներ ուներ՝ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական բնագավառներում: Չհասցրինք նրան ամբողջությամբ բացահայտել: Նա ինձ համար և՛ ընկեր էր, և՛ լավ խորհրդատու: Կարողանում էի իր հետ կիսվել. միշտ օգտագար խորհուրդներ էի լսում:

 

Նկարահանման հրապարակում իր գործի գիտակն էր, իրեն վստահված դերերը հիանալի էր ներկայացնում:

Հիվանդության մասին մեկ ու կես տարի է՝ ինչ գիտեմ, բայց երբեք իրեն ցույց չեմ տվել, որ տեղյակ եմ: Նա չէր ուզում, որ իրեն խղճայինք, ուզում էր` հիշեինք այնպիսին, ինչպիսին վերջին անգամ տեսել ենք` ուրախ, ծիծաղը դեմքին:

 

Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում էինք. զանգեցի, որ հանդիպենք, բայց հեռախոսազանգիս չպատասխանեց: Չգիտեմ ինչի` վստահ եմ` այդ պահին արթուն էր, ուղղակի չցանկացավ մենք իրեն այդ վիճակում տեսնենք:

Չեմ հավատում, որ հիվանդությունը հաղթեց իմ ուժեղ ընկերոջը :(

 

Ռաֆայել ԵրանոսյանՌաֆո


Չեմ ուզում ընկերոջս մասին անցյալով խոսել. նա եղել է ու կլինի իմ ընկերը, ով տարիներ առաջ մեկնեց Միացյալ Նահանգներ ու մինչ օրս այնտեղ է` իր ընտանիքի կողքին:

 

Մեր հարաբերությունները գործնականից ավելին էին: Հաճախ էինք հանդիպում, միասին զբոսնում, ինչ-որ տեղ սուրճ խմում, խոսում, ծիծաղում: Հասմիկը կյանքով լի էր, շատ դրական:

 

Նրա հետ կապված ամեն մի պահն ինձ համար վառ հիշողություն է, այնքան լավ ու հիանալի օրեր ենք միասին անցկացրել… Նրա հետ նման բան չպիտի լիներ :(

 

Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում: Նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից:

 

Նյութը` PressIdent.am-ի