Հաղորդավար, դերասան և պարզապես կենսուրախ, հաճելի մարդ. Ռաֆայել Երանոսյանի հետ ժամերով կարելի է զրուցել յուրաքանչյուր թեմայով և չձանձրանալ: Սիրված դերասանը մեզ հյուրընկալեց Երևանի Կամերային թատրոնում, որտեղ բազմաթիվ դերեր է կերտում, և պատասխանեց MediaMall.am-ին հետաքրքրող բոլոր հարցերին:

 

- Հեռուստացույցի էկրաններին մենք ձեզ հաճախ տեսնում ենք հումորային դերերում: Հետաքրքիր է ՝ արդյո՞ք այս ժանրն իսկապես հոգեհարազատ է:


-Իմ մասնագիտությունը դերասան լինելն է, բայց էկրանից այն կողմ, չգիտեմ, թե ինչու, ներկայացել եմ հումորային մանրապատումներում, հումորային նախագծերում: Այլ է Կամերային թատրոնում, որտեղ ես ներկայանում եմ դասական, խորիմաստ և ավելի լուրջ դերերով: Իսկ որպեսզի հանդիսատեսի մոտ կոտրվի այդ կարծրատիպը, պետք է դիտեն այդ ներկայացումները և համեմատեն:

 

 


- Իսկ հնարավո՞ր է էկրանից այն կողմ ներկայանաք հենց այդպիսի «լուրջ»կերպարներով:


- Հիմա աշխատում ենք մի շարք նախագծերում, որտեղ ես կմարմանավորեմ ավելի լուրջ, խոհուն հերոսների: Չնայած ես լուրջ մոտեցում ունեմ նաև հումորային կերպարներին, որոնց ավելի բարդ է ներկայացնելը, բայց փորձում եմ նաև այսպես ներկայանալ, ուղղակի չգիտեմ՝ ինչքանով կընդունվի հեռուստադիտողի կողմից, իսկ թատրոնի հանդիսատեսը շատ լավ է ընդունում: Եվ՛ հումորային, և՛ լուրջ կերպարներում, միևնույն է, մնում եմ դերասան:

 

 

 

 - Ձեր կողմից մարմնավորված հերոսների մեջ կա՞ որևէ նմանություն կամ կապ: Որքանո՞վ են նման ձեր անձին:


- Մինչ այսօր ոչ մի կերպար չի համապատասխանել իմ էությանը, ոչ մի կապ չունեն իմ անձի հետ: Երբ հորինում եմ որևէ կերպար, փորձում եմ այնպես անել, որ ինձ հետ որևէ կապ չունենա: Չնայած ես նույնպես էությամբ թեթև մարդ եմ, բարդ մարդ չեմ, որ ամբողջ օրն ինչ-որ գրքեր գրեմ կամ մտորեմ (ժպտում է): Կյանքում նույնպես ուրախ եմ ու դրական էմոցիաներով լեցուն:


- Ինչպիսի՞ն է Ռաֆայել Երանոսյանը բեմից այն կողմ՝ կուլիսներում:

 

Այս հարցի ժամանակ դերասանը համեստորեն լռեց` պատասխանելով, որ ինքն իր անձի մասին չի ցանկանում խոսել: Հավելեց, որ այդ հարցին ավելի լավ կպատասխանեն իր ընկերները:

 

-Ի՞նչ կերպար եք ցանկացել մարմնավորել, որով դեռևս չեք հասցրել հանդես գալ:


- Կլինեմ անկեղծ և կասեմ, որ մինչ այսօր չի եղել որևէ կերպար, որ «երազել» եմ մարմնավորել: Այդ խնդիրը ես թողել եմ ռեժիսորներին: Եթե նրանք նկատեն, որ ես կկարողանամ խաղալ, ուրեմն ես կանեմ: Իսկ երազելու ես շատ ուրիշ բաներ ունեմ. ուզում եմ, որ շատ ընկերներ լինեն իմ կողքին և իմ ծնողները միշտ առողջ լինեն: Իսկ ժամանակը դեռ կգա նոր, ավելի հետաքրքիր դերեր խաղալու:


- Եղել են դեպքեր, երբ հրաժարվել եք որևէ դերից:


- Մինչ այսօր չի եղել դեպք, երբ հրաժարվեմ որևէ դերից: Փորձում եմ: Եթե ստացվեց` ուրեմն կխաղամ: Հնարավոր է նաև լինեն դերեր, որոնք իմը չեն: Բայց նաև որոշում է ռեժիսորը, ով ավելի լավ գիտի յուրաքանչյուրիս կարողությունը:

 

 

- Ի՞նչ նոր նախագծեր և ներկայացումներ սպասենք Ռաֆայել Երանոսյանից:


- Բոլորն էլ գիտեն, որ աշխատում եմ “Kargin production”-ի հետ, իսկ այժմ կան նաև նոր նախագծեր'կապված թե’ Հայաստանի, թե արտասահմանի հետ: Հիմա աշխատանքային փուլում ենք, իսկ փակագծերը կբացենք ավելի ուշ, և հեռուստադիտողին հնարավորություն կտրվի շատ շուտով այն դիտելու: Երկու նոր ներկայացում արդեն ընթացքի մեջ է, որոնցից մեկը մոնոներկայացում է, իսկ 2-րդը կլինի համատեղ:

Երկրորդ ներկայացման մասին դերասանը միայն ասաց, որ իր խաղընկերը կլինի շատ հմայիչ, գեղեցիկ մի դերասանուհի: Ներկայացումը պատրաստ կլինի մայիսին:

 

 


-Եթե թատրոնը ձեզ համար տուն է դարձել, ապա կինոն ի՞նչ դեր ունի:


- Մինչ այսօր ֆիլմերում շատ հանդես չեմ եկել, հիմնականում`էպիզոդիկ կերպարներում: Ինձ համար ֆիլմը «վայր» է, որտեղ դերասանը պետք է զգա իր մասնագիտությունը: Պետք է փորձի ինքն իրեն տեսնել ֆիլմի մեջ, զգա և հասկանա այդ կապը: Չեմ կարող ասել, որ կինոն էլ է իմ տունը, որովհետև ՀՀ-ում այսօր գրեթե լայն շրջանակների մեջ նկարահանվող ֆիլմեր չկան, որոնք կկարողանան խորը ազդեցություն թողնել հասարակության վրա:

 

 


- Ըստ Ձեզ կարո՞ղ է թատրոնը կամ կինոն որևէ դեր խաղալ այսօրվա մեր իրականության մեջ:


- Թատրոնն ինքնին ուսուցողական բնույթ ունի: Երբ հանդիսատեսը ներկայացման է գալիս, նա պետք է կտրվի առօրյա հոգսերից, գա վայելելու ներկայացումն ու հեռանա: Մեր թատրոնում ներկայացումներ կան, որոնք բարձրացնում են լուրջ հարցեր: Մեր նպատակն այստեղ նաև այդ հարցերի պատասխանները տալն է: Այդ ամենը հնարավորություն է տալիս հանդիսատեսին մտածելու, իսկ ֆիլմերի համար դեռ ոչինչ չեմ կարող ասել: Ապագան ցույց կտա:

 

Ամալյա Մարգարյան