Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում տարբեր միջոցառումներին ներկայանում է մի անծանոթուհու ուղեկցությամբ: Երեկ կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը բացառություն չէր. Ռաֆոն կրկին այդ գեղեցկուհու հետ էր: Մտերմիկ՝ ձեռք ձեռքի տված զույգը ողջ մրցանակաբաշխությանը միասին էր: Ըստ խոսակցությունների՝ նրանք ընկերություն են անում: Այդ խոսակցությունների իսկությունը պարզելու համար ESem.am-ը զրուցեց դերասանի հետ: «Բազմիցս նշել եմ, որ անձնականիս մասին չեմ ուզում խոսել»,- ասաց Կամերային թատրոնի դերասանը:

 

 

Սա Ռաֆոյի կյանքի միակ նորությունը չէ. նա ESem.am-ին նաև հայտնի է դարձել, որ դերասանը Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 26-ին, երևանյան ռեստորաններից մեկում կազմակերպված միջոցառմանը Մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Դերասանի խոսքով` ամեն տարի քաղաքապետը կազմակերպում է միջոցառում, իսկ Մշակույթի նախարարությունը՝ առանձին, հանձնում է մեդալներ, հուշամեդալներ ու պատվոգրեր:

 

 

«Սակայն այս տարի որոշել էին երկուսը մեկում անել. կազմակերպված կորպորատիվ միջոցառման ընթացքում նաև մրցանակներ շնորհվեցին, որի մասին ես ավելի ուշ իմացա, քանի որ այդ օրը ներկայացման էի ու բավականին ուշ միացա գործընկերներիս»,- ESem.am-ին հայտնեց դերասանը: Ըստ նրա՝ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին արժանանալն իր համար անակնկալ էր: «Ներկայացումից հետո եկա միջոցառման, և Արշալույս Հարությունյանը տեղեկացրեց, որ ես ևս հուշամեդալ եմ ստացել` բեմարվեստին անձնվիրաբար ծառայելու համար»,- տեղեկացրեց Ռաֆոն:

 

 

Վերջինս խոստովանեց, որ ուրախ է, որ գնահատել են իր աշխատանքը: «Յուրաքանչյուր դերասանի համար դա մեծ ուշադրություն է. այն հնարավորություն է տալիս ավելիին ձգտելու, աշխատելու համար, հասնելու «Մովսես Խորենացի» մրցանակի, Վաստակավորի կամ Ժողովրդականի կոչման»,- նկատեց Ռաֆոն:

Նրա խոսքով՝ քանի որ իրենց մասնագիտությունը բավականին դժվար է, շատ կցանկանա, որ բոլոր դերասաններն էլ արժանանան նման մրցանակների:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը