2013-ն ավարտեցինք արգենտինյան ռիթմերով: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, տարին ավարտեց տոնական համերգով։

 

Նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանը սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակեց տարին:

 

2013-ի դեկտեմբերի 25-ին տոնական համերգային ծրագրի շրջանակներում հնչեցին արգենտինյան ռիթմեր՝ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։

 

Աշխարհահռչակ երաժիշտի և հայ հանդիսատեսի փոխադարձ սերն ակնհայտ էր դեռ նախորդ համերգներից, երբ դահլիճը «պայթում էր» դրական էմոցիաներից և էներգիայից:

 

Համերգների, իր տպավորությունների, ապագա պլանների և ընկերների' անժամանակ կյանքից հեռանալու մասին Լուրեր.com-ի հետ զրույցում անկեղծացավ հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

 

-Ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում, ինչո՞վ է ձեզ համար առանձնանում հայ հանդիսատեսը:


-Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի հավատարիմ և զգացմունքային լսարան ունենալ հայկական հողում: Ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ նշում եմ իտալացի և հայ ժողովուրդների նմանության մասին, և, ամեն անգամ Հայաստան գալով, ինձ զգում եմ, ինչպես Հարավային Իտալիայում: Հիմա ես հստակ կարող եմ ասել, որ բավականին շատ բան գիտեմ Հայաստանի մասին, չնայած' մինչ այստեղ գալս էլ' կարդալով մաեստրո Տոնինո Գուերայի հրաշալի պատմությունները, որտեղ նա ամբողջությամբ փոխանցում է այս երկրի գեղեցկությունը, արդեն պատկերացում էի կազմել Հայաստանի մասին:

 

Միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան, ինձ միշտ լավ եմ զգում այստեղ' անկախ օրվա ժամից, տարվա եղանակներից:

 

Համերգը շատ յուրահատուկ էր, հանդիսատեսը գնահատում է գեղեցկությունը, և ես անընդհատ փնտրտուքի մեջ եմ, փորձում եմ միշտ ամենագեղեցիկը տալ իմ հանդիսատեսին' բոլոր առումներով:

 

-Հե՞շտ էր Հայաստանի երիտասարդական անսամբլի հետ միասին աշխատելը:

 

-Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր և հաճելի: Շատ եմ սիրում աշխատել երիտասարդ երաժիշտների հետ, փորձարկել նոր նախագծեր, ստեղծագործել:

 

Իտալիայում նույնպես ես համագործակցում եմ երիտասարդ երաժիշտների հետ և այս օրերին նույնիսկ մի փոքր դասընթաց եմ անցկացնում բացառապես երիտասարդ երաժիշտների համար: Հայաստանի երիտասարդական նվագախումբը հիանալի պատրաստված, հրաշալի նվագախումբ է, կարծում եմ' այդ հարցում քիչ չէ հենց նրանց ղեկավար Սերգեյ Սմբատյանի և ողջ անձնակազմի դերը:

 

Այդ նվագախումբը, բացի այստեղ կազմակերպված գեղեցիկ համերգներից, շատ մեծ սեր և հարգանք է վայելում Հայաստանի սահմաններից դուրս: Մենք հանդիպել ենք անցյալ տարի ամռանը' Ռիվա դել Գարդայում կայացած փառատոնին, որտեղ նրանք ելույթ էին ունենում այնպիսի մեծանուն արտիստների հետ, ինչպիսիք են Նատալիա Գուտմանը և Ալդո Չիկոլինին:

 

Ես ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ հիշում Գուտմանի հետ նրանց համերգը, որտեղ Երիտասարդական նվագախումբը պարզապես փայլեց իր պրոֆեսիոնալիզմով, դա բացարձակ հաջողություն էր: Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեծ ներդրումներ ունենալ երիտասարդական նախագծերում, քանի որ նրանք են մեր նվագախմբերի ապագան:

 

Ամեն անգամ, երբ համերգներով հրավիրվում եմ Հայաստան, նախապես սկսում եմ մշակել ծրագիրը, այն զարգացնել, պատրաստել Պիացոլայի' իմ սիրելի ստեղծագործությունները, քանզի վստահ եմ, որ հայ երաժշտասերն ուղղակի սիրահարված է այդ երաժշտությանը:

 

-Հայաստանյան Ձեր համերգային ծրագրում նվագում եք հիմնականում Աստոր Պիացոլա, ինչո՞վ է սա պայմանավորված:

 

-Ամեն տարի ես փորձում եմ գտնել, ստեղծել մի նոր բան: Արդեն իսկ նվագել եմ նրա գրեթե ողջ երգացանկը: Իմ վերջին համերգին ես ներառեցի մի բան, որ կարող էր խափանել համերգային ծրագիրը: Այն չէր պատկանում նվագախմբային ծրագրին, այլ գրված էր բանդոնեոնի և լարային քառյակի համար, բայց միշտ կարելի է անել նոր, համարձակ ու հետաքրքիր նորամուծություններ և հաջողությամբ կատարել:

 

Ամեն անգամ մեծ հաճույքով եմ հիշում երիտասարդական նվագախմբով իրականացրած համերգը Ռոբերտո Մոլինելիի հետ, որտեղ մենք կատարեցինք ոչ միայն Պիացոլայի ստեղծագործությունները, այլ նաև իտալացի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նինո Ռոտան, հենց ինքը Ռոբերտո Մոլինելին:

 

Կարծում եմ' հնարավոր չէ պատկերացնել որևէ համերգ' առանց Պիացոլայի կատարումների, որովհետև հայ հանդիսատեսը պարզապես պաշտում է Լիբերտանգոն և Օբվիլիոնը:

 

-Գիտեմ նաև, որ համերգային շրջագայության եք պատրաստվում իտալացի հայտնի օպերային երգիչ Անդրեա Բոչելիի հետ: Մի փոքր կխոսե՞ք այս մասին: Ինչպե՞ս եղավ առաջարկը, որտե՞ղ են լինելու համերգները:

 

-Հիանալի համագործակցություն ունեցա Անդրեա Բոչելիի հետ' Հռոմի Կոլիզեում, 2009-ին, որն ուղիղ հեռարձակվում էր Իտալիայի հանրային հեռուսատեսությամբ: Այդ համերգը Բոչելին նվիրել էր Աքուիլայի երկրաշարժին, որը Աբրուցոյի մարզի մայրաքաղաքն է' իմ ծննդավայրը: Այդ համերգն ինձ համար ամենատպավորիչն էր, քանի որ այն իմ առաջին համագործակցությունն էր հայտնի տենորի հետ: Դրան հաջորդեց ևս մեկ հիանալի համագործակցություն. ես հրավիրվեցի նրա տեսասկավառակի շնորհանդեսին «Love in Portofino» (Սերը Պորտոֆինոյում), որը նա ձայնագրել էր փոքրիկ Լիգուրյան գյուղակում, որը ողջ աշխարհին հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ:

 

-Մի բեմում հանդես եք եկել Արամ Ղարաբեկյանի հետ և ճանաչել ու շփվել եք Արմեն Մազմանյանի հետ. երկուսն էլ, ցավոք, անժամանակ հեռացան կյանքից: Կարծում եմ' կցանկանաք խոսել նրանց մասին:

 

-Ես անչափ ցավում եմ իմ հայ երկու ընկերների վաղաժամ կորստի համար, որոնք այնքան բան էին արել իրենց երկրի համար ու կարևոր դեր ունեին հայկական ժամանակակից մշակույթում: Ես մտերիմ էի նրանց երկուսի հետ էլ:

 

Արմեն Մազմանյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ մաեստրո Տոնինո Գուերայի տանը' նրա ծննդյան տարեդարձին:

 

Ես հիանալի հիշում եմ նրա' երկար ապրելու և իր երկրի համար կարևոր մի բան անելու ցանկությունը:

 

Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը, երբ ասում էր, որ ուզում է զգալ և վայելել այն ամենն, ինչ գեղեցիկ է, ինչ տեսնում և լսում է... նա նկատի ուներ արվեստն ընդհանուր առմամբ: Հենց նա էր, որ առաջին անգամ ինձ լսեց Իտալիայում, ասաց այդ խոսքերն ու ոգևորված ցանկանում էր ինձ ներկայացնել իր ժողովրդին:

 

Մարդ, որ իր աշխատասիրությամբ և համառությամբ կարողանում էր շատ հետաքրքիր գործեր անել:

 

Ինչ վերաբերում է մաեստրո Արամ Ղարաբեկյանին, ես դեռ ուշքի չեմ եկել այդ լուրը լսելու պահից: Ես դեռ չեմ հավատում... Նա առաջինն էր, ով վստահեց և հրավիրեց ինձ իր նվագախմբի հետ ելույթ ունենալու:

 

Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես էինք պատրաստվում «Ոսկե Ծիրան» փառատոնի մեր ելույթին: Որքան խորն էր նրա սերը երաժշտության նկատմամբ, որքան սեր ու գորովանք կար, բայց միևնույն ժամանակ շատ խստապահանջ էր և միշտ գիտեր, թե ինչ է ուզում ու ինչպես դա իրականացնել: Ամեն անգամ մենք շատ ուրախ ու երջանիկ էինք հանդիպել, համագործակցել:

 

Հատկապես հաջողված էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում կազմակերպած մեր համերգը: Վերջին անգամ նրան հանդիպեցի մի քանի տարի առաջ, Երևանի բարերից մեկում' սուրճի սեղանի շուրջ, որտեղ զրուցում էինք իր նախագծերի մասին: Նա շատ հեռատես էր ու ուներ հրաշալի գաղափարներ' այնքան մաքուր ու գեղեցիկ, որքան իր երաժշտությունը:

 

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ հրաշալի հայ ընկերների ընտանիքներին, ընկերներին և երկրպագուներին' այս մեծ ու անդառնալի կորուստների համար:

 

 

Գայանե Համբարձումյան