Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթն ամփոփեց արդյունքները: Մրցույթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր` Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում: Հունիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում պարզ դարձան մրցույթի հաղթողները: «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջ իլիզ)» կինոնկարը: «Լավագույն պատմության» համար մրցանակ ստացավ Արամ Կիրակոսյանը` «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով, իսկ «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Ավետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը» ֆիլմը: Հաղթող երեք ֆիլմերը ցուցադրվեցին էկրաններին, իսկ հեղինակները որպես մրցանակ ստացան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին շնորհվեց  նաև ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր: Բացի այդ, հատուկ պատվոգրերի արժանացան Խաչատուր Թովմասյանը և Հովհաննես Իշխանյանը:


ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ միջոցառումը շատ լավ գաղափար էր: «Հատկանշական է, որ ծրագրում ներգրավված վավերագրողների համար ուսուցումներ են իրականացրել օտարերկրացի և տեղացի վավերագրողներ»,- նշեց դեսպանը:

 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ օրը շատ ուրախալի է բոլորի համար: «Երիտասարդները փաստեցին, որ իրենք արժանի են մեր վստահությանը և կարողացան սպասվածից ավելի լավ արդյուքներ ապահովել: Նայել եմ ֆիլմերի մեծամասնությունը. մեծ ապագա ունենք, իսկապես հպարտ եմ»,- նշեց Փափազյանը:

 

Ծրագիրը 17-26 տարեկան երիտասարդ կինոարտադրողներին հրավիրեց պատրաստել վավերագրական ֆիլմեր, որոնցում անդրադարձ կկատարվեր Հայաստանում առկա սոցիալական, տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի` մասնակցի հայեցողությամբ: Ծրագրի ներքո հունվար-մարտին անցկացվեցին մի շարք դասըթնացներ միջազգային և տեղական փորձառու մասնագետների կողմից, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվեց ներկայացնել իրենց ֆիլմերը` մասնակցելու մրցութային փուլին: Ներկայացված 28 ֆիլմերից ժյուրին ընտրել էր երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը: