Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 14-ին կամփոփվեն Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները,  հաղթողներին կհանձնվեն մրցանակներ, ինչպես նաև տեղի կունենա գալա-համերգ: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:


Մեներգիչների /դասական երգեցողություն/ հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից, իսկ 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման,  ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:


Նախորդող տարիների մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:


Այս տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը նույնպես նվիրվել է մեծանուն օպերային երգչուհի, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան  90-ամյակին:


Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարրոյի դասարանում։ 1940 թ. ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949 թ.  Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է եղել:


Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984թ.` սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964թ. դասավանդ ել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թ.Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել: Գոհար Գասպարյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: