Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն ավարտվեց կոմպոզիտորի ծննդյան օրը` մրցանակաբաշխության արարողությամբ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացված տոնը հատեց իր եզրագիծը. մասնակիցներն ուրախ էին, ժյուրիի անդամները` տպավորված պատանի կոմպոզիտորների տաղանդից: Միջոցառման մեկնարկին ներկաները հոտնկայս շնորհավորեցին անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան տարեդարձը: Այնուհետև մեկնարկեց մրցանակների հանձնման արարողությունը:
Կոմպոզիտորների 9-12 տարեկանների ենթախմբում հաղթող ճանաչվեց Ագնեսա Իսահակյանը, իսկ 13-16 տարեկանների ենթախմբում` Ալեքսանդր Հարությունյանը: Էդվարդ Միրզոյանի անվան հիմնադրամի տնօրեն, անվանի կոմպոզիտորի որդին` Արշակ Միրզոյանը երկու հաղթողներին խորհրդանշական գումար նվիրեց:
Մրցույթի հաղթող 15-ամյա Ալեքսանդր Հարությունյանը խոստովանեց, որ հուզված է իր առաջին հաղթանակի կապակցությամբ: «Առաջին անգամ էի ելույթ ունենում Կոմպոզիտորների միությունում` մեծ բեմի վրա: Ինձ լսեցին շատ հայտնի կոմպոզիտորներ և մեծ մարդիկ: Շնորհակալություն եմ հայտնում իմ ուսուցչին` Անահիտ Կոստանյանին, ով մեծ ներդրում է ունեցել հաղթանակում: Ստեղծագործությունը գրել եմ 1,5-2 ամսվա ընթացքում»,- նշեց Հարությունյանը` հավելելով, որ ուրախ է կրել մեծանուն կոմպոզիտորի անունը և ազգանունը:
Երկրորդ հորիզոնականում երկու ենթախմբերում հայտնվեցին, համապատասխանաբար, Ալլա Համբարձումյանը և Նարեկ Անդրեասյանը, երրորդում` Տիգրան Մարդանյանը և Լեո Բաղդասարյանը: Խրախուսական մրցանականեր ստացան Արսեն Բոյաջյանը և Արշակ Մուրադյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը գոհ է կատարած աշխատանքից: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս երեխաներն ունենան և պայծառ ապագա, և ինքնարտահայտվելու հնարավորություն: Նրանք պետք է լինեն ազատ, ապրեն ազատ երկրում ու ներկայացնեն մեր երկիրը: Ժյուրիի անդամ լինելով' կարող ես սխալ անել, սակայն եզրափակիչ համերգը ցույց տվեց, որ մեր ընտրությունը ճիշտ էր, սխալ և վրիպում չեղավ: Բոլոր երեխաներն ստացել են այն, ինչին արժանի են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արամ Սաթյանը:
Նախագծի հեղինակ Էդմոնդ Մակարյանը նշեց, որ օրվա սկզբին բոլոր մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Էդվարդ Միրզոյանին և այցելել նրա շիրիմին: «Գոհ եմ, որ մենք հավաքագրեցինք տաղանդավոր և հրաշալի 16 ստեղծագործողների: Գալիք սերունդը մեծ ավանդ կարող է ունենալ ապագայի մշակութային կյանքի ձևավորման գործում: Մենք կանենք ամեն ինչ, որ մրցույթը կրի ամենամյա բնույթ»,- ընդգծեց Մակարյանը:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով:
Պատանի 16 ստեղծագործողներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն ունեցան: Միության նախաձեռնությամբ, առաջին անգամ, մայիսի 8-12-ը կազմակերպվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ: Այն մեկնարկեց մայիսի 8-ին: Մրցույթին մասնակցեցին 9-16 տարեկան պատանի ստեղծագործողներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց մեկ դաշնամուրային ստեղծագործություն: Նրանց ելույթների հերթականությունը որոշվեց վիճակահանությամբ: Մրցույթն անցկացվեց երկու ենթախմբերով, որոնցում ներառված էին 9-12 և 13-16 տարեկան ստեղծագործողները: Միջոցառմանը բացմանը որպես պատվովոր հյուր մասնակցեց Էդվարդ Միրզոյանի այրին` Հեղինե Միրզոյանը: Պատանիներին գնահատեց հեղինակավոր ժյուրին, որի անդամներն էին Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, նախաձեռնության գաղափարի հեղինակ Էդմոնդ Մակարյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ: