«Արմմոնո» միջազգային 12-րդ թատերական փառատոնն ավարտվեց հաջողությամբ: Կազմակերպիչները գոհ են փառատոնի արդյունքներից: Ապրիլի 25–29-ը հայ թատերասերների դատին հանձնվեցին 17 ներկայացում, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ակնդիրը յուրովի և նորովի բացահայտեց թատերական աշխարհը:

 

«Եթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ, ապա նշանակում է, որ փառատոնը կայացավ: Նույնիսկ վեճերի ժամանակ ստեղծվում է իրականություն և արվեստ: Մեր դերասաններն ստացան հրավերներ այլ փառատոններից: Հուսանք, որ այն, ինչ ծրագրել ենք, կկայանա»,- նշեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

 

Մխիթարյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում սպասվում են շատ պրեմիերաներ, որոնց կաջակցի նաև «Արմմոնո» փառատոնը: «Բոլոր ներկայացումները կայացան, հետաքրքիր էին: Մեր թիմն աշխատեց ներկայացնել մոնոներկայացումների տարբեր ժանրերը: Ցուցադրվեցին պլաստիկ, Stand Up-ային, շարժման և խոսքի համադրություններ պարունակող, դասական ներկայացումներ»,-հավելեց Մարիաննա Մխիթարյանը` նշելով, որ արտասահմանցի հյուրերը զարմացել էին ներկայացումների մեծ թվով:

 

Լիտվացի բեմադրիչ Սաուլիս Վառնասը շնորհավորեց նման փառատոնի կապակցությամբ: «Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստան էին եկել տարբեր թատերախմբեր, և այսքան շատ դերասաններ կային Հայաստանից: Այնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպելը: Հատկանշական է, որ շատ ներկայացումներ կային մանավանդ Հայաստանից, որոնցից շատերը կներկայացվեն նաև արտասահմանում: Սա կարծես պատուհան է դեպի այլ փառատոններ»,-նշեց լիտվացի բեմադրիչը:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունն ապրիլի 25–29-ը Երևանում անցկացրեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը: Փառատոնի շրջանակում ցուցադրվեց տասնյոթ ներկայացում (Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Հայաստան ):