Մնջախաղի միջազգային փառատոնի սիրահարները Ծաղկաձորում օրեր շարունակ հնարավորություն ունեցան վայելել մի շարք հետաքրքիր և յուրահատուկ ներկայացումներ: Տարբեր երկրների ներկայացուցիչների օգոստոսի 10-ից համախմբած Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը հատեց եզրագիծը:

 

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը գոհ է փառատոնի ընթացքից:

 

«Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ծրագրված էր: Մի օր միայն անձրևը «փորձեց» խանգարել մեզ, սակայն այդ օրվա ծրագիրը ներկայացվեց հաջորդ օրը: 10 մասնակից ունեինք, որոնք հանդես եկան 10 ցուցադրություններով: Շատ լավ են ընդունել մեր հյուրերին, բոլորը շատ գոհ էին: Հանդիսատեսից յուրաքանչյուրը գտավ այն, ինչ փնտրում էր և նախընտրում: Ես այսօր նայում էի փառատոնի մասնակիցների ֆեյսբուքյան էջերը, կարդում էի, թե ինչքան տպավորված են Ծաղկաձորով, փառատոնով և այստեղ տիրող մթնոլորտով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ժիրայր Դադասյանը:  

 

Դադասյանի խոսքով՝ տեղի են ունեցել նաև վարպետության դասեր, որոնք բավականին ինտերակտիվ էին: «Փակման արարողության ընթացքում հանդես են եկել գերմանական, թայլանդական խմբերը, ինչպես նաև իմպրովիզացիայով ելույթ է ունեցել ճապոնացի մասնակիցը, ով իր ներկայացման մի հատվածը կներկայացնի Արամ Խաչատրյանի երաժշտության տակ»,-նշեց նա:

 

Դադասյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աջակիցներին տոնն իրականություն դարձնելու համար:

 

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:  

 

Մնջախաղը թատրոնի յուրահատուկ, բացառիկ ժանրերից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է համաշխարհային մնջախաղի լավագույն նմուշները հասանելի դարձնել հայաստանյան հանրությանը, ինչպես նաև խթանել հայաստանյան մնջախաղի թատերախմբերն՝ ինտեգրվելու համաշխարհային թատերական, մշակութային գործընթացներին և առաջարկել զբոսաշրջային նոր մոտեցումներ:

 

5 օրերի ընթացքում աշխարհի լավագույն թատերական խմբերը հավաքվում են ներկայացնելու մնջախաղի արվեստի հրաշքները. ցերեկային ժամերին՝ փողոցում, իսկ երեկոյան ժամերին՝ բացօթյա բեմում: Բոլոր ներկայացումների մուտքն անվճար էր: Փառատոնի ընթացքում գործում էր նաև անվճար երթուղի՝ Երևան-Ծաղկաձոր-Երևան ուղղությամբ: