Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի չորրորդ միջազգային փառատոնը: Այստեղ օգոստոսի 10-15-ը հինգ երկրից դերասաններ և թատերախմբեր երեկոները բաց ներկացայումներ և վարպետության դասեր կտան Ծախկաձորի բնակիչներին և հանգստացողներին:


«Մայրաքաղաքից այս ապակենտրոնացումը հանդիսատեսի նոր շերտեր կվերցնի, քանի որ մշակութային կյանքը նոսր է մարզերում, ինչը կլրացվի միջազգային փառատոնով: Ես մարզերի բնակիչներին հարցնում էի, թե վերջին անգամ իրենց քաղաք Տոկիոյից կամ Բանկոգից արտիստներ ե՞րբ են եկել: Այդ իսկ պատճառով մեր գերխնդիրն է ամրագրելով Ծաղկաձորը որպես կենտրոն՝ փառատոնը ցրենք տարբեր մարզերի ուղղությամբ», - լրագրողներին փառատոնի բացումից առաջ ասաց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:


Հինգ օր անընդմեջ Ծաղկաձորի զով երեկոները կզարդարեն հայ աճպարարների, ծաղրածուների, ավազանկարչի, ինչպես նաև թայլանդցի կատակերգուների, փուչիկներից կենդանիներ պատրաստող ֆրանսիացի միմոսի, գերմանացի ու ճապոնացի մնջախաղի դերասանների ներկայացումները:

 

Փառատոնի ողջ ընթացքում, յուրաքանչյուր օր ժամը չորսին, ավտոբուսները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացից բոլոր ցանկացողներին անվճար կտեղափոխեն Ծաղկաձոր և երեկոյան հետ կվերադարձնեն Երևան: Փառատոնն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Բյուջեն կազմել է 9 միլիոն դրամ: 


2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ: Այդ ընթացքում ներկայացումները դիտել է շուրջ 10000 հանդիսատես, տպագիր և էլեկտրոնային մամուլում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, տարբեր հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել և ցուցադրվել են բազմաթիվ ռեպորտաժներ: