ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 21-29-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը' հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի:

 

«Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ' բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության:

 

Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք:

 

Փառատոնի բացման արարողության բացօթյա ձևաչափը նպատակ ունի առավելագույնս հանրայնացնելու փառատոնը' գրողների շփման այս հարթակը հասանելի դարձնելով հանրության լայն շրջանակների համար: Այսպիսով, «Խոսքը' հանուն կյանքի» կարգախոսը շրջանառելի կդառնա տարբեր տարիքի ընթերցողների, մշակույթի սիրահարների շրջանում:

 

«Գրական Տապան 2015» փառատոնը կներառի գրքերի շնորհանդեսներ (Քրիս Բոհջալյան' «Ավազե ամրոցի աղջիկները», Յոկե Վան Լեուվեն' «Ծի՜վ», Վահե Գոդել' «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Վարուժան Ոսկանյան'«Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից' Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ:

 

Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)' ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: