Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Կինոաշուն» Ազգային կինոյի ամիս» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գեւորգյանը, անվանի ռեժիսորներ, մարզային և քաղաքային կառույցների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, արվեստագետներ, հյուրեր, կինոյի երիտասարդ երկրպագուներ, այլք:
Հայ ազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Կինոաշուն» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 7-ից: Ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրում ընդգրկած էին 300 հայկական հին և նոր խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային կինոկերնտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այս անգամ ֆիլմերի թիվը չափազանց շատ է եղել, սակայն ընդգրկվել են միայն 300-ը: Նա նշեց նաև, որ այս ծրագիրը լայն արձագանք է գտել: Կինոֆիլմերը ցուցադրվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Անիմացիոն ֆիլմերի թեման արդի կյանքն է, հասարակ քաղաքացու ապրելակերպը: Նա օրինակ բերեց ջրավաճառ տղայի մեկ օրվա մասին պատմող ֆիլմը կամ «Առնեմ հետո կտամ» և այլ ֆիլմերը:
Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն «Արմենպրես»-ին ասաց, որ այժմ չկան պետական այնքան պատկառելի միջոցներ, որոնք ներդնեն լայնաշար ֆիլմերի նկարահանման համար: Երիտասարդները ներկայացրել էին խոսուն ֆիլմեր, որոնք ծախսատար չէին: Ըստ Մկրտչյանի, յուրաքանչյուր երիտասարդ, ով ձգտում ունի դեպի կինոարվեստը, կկարողանա փոքիկ ֆիլմ նկարահանել, քանի դա մեծ ներդրումներ չի պահանջում: Մեծ ռեժիսորն ավելացրեց նաև, որ այս ֆիլմերի ցուցադրումը տարբեր տեղերում նպատակ ունի երիտասարդության մեջ սեր արթնացնել կինոարվեստի հանդեպ:
Դահլիճում ներկա էին երիտասարդ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եվ եթե ՀՀ Ազգային կինոկենտրոնը շարունակի այս ոճով գործել, ապա կարճ ժամանակահատվածում թե մարզերում, թե համայնքներում երիտասարդները կնկարահանեն իրենց կյանքին և առօրյային վերաբերող անիմացիոն ֆիլմեր, ինչը երիտասարդությանը մղում է դեպի ստեղծագործական ասպարեզ, նրանց մեջ զարգացնում երազանքն իրականություն դարձնելու վճռականություն:
Լիլիթ Մաճկալյան