Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 11-ին ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, որը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն ավանդաբար անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, քանի որ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և բարդ դասական արվեստ է քարոզում: «Մենք փորձում ենք ավելի շատ կատարել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և ակտիվություն ստեղծել այդ մարդկանց շուրջ։ Տերտերյանն ընդունված ու սիրված կոմպոզիտոր է աշխարհում։ Գերմանիայում նրա գործերը հաճախ են կատարվում, իսկ Գերմանիան այն երկրներից է, որտեղ ամենաշատն է գնահատվում դասական երաժշտությունը»,-նշել է նա։
Սերգեյ Սմբատյանը նաև ընդգծել է, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո: «Նշանակում է, որ Հայաստան պետությունը կարևորում է ժամանակակից ստեղծագործողների աշխատանքը»։ Դիրիժորը տեղեկացրեց, որ 2015թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրելու է Էդգար Հովհաննիսյանի անունը։
Փառատոնի փակման արարողությունը նշանավորվել է Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներով։ Ծրագրում հնչել են «Ութ շեփորների կոչնակ», «Փառատոն է» (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։ Ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
Փառատոնի փակման համերգը նվիրված է եղել հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։