Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 մայիսի 12-ին, Վրաստանի Գորի քաղաքում:
1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ Մշակույթի տան երաժշտական ստուդիայում:
1948-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1965թ-ից' պրոֆեսոր):
Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» գործերը: Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից են Լարային կվարտետը, «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան' լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար», պոեմ' դաշնամուրի, պոեմ-էպիտաֆիա' կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Գրել է «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արևոտ օր է» ֆիլմերի երաժշտությունները:
Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1956-91թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության նախագահը: Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով:
1988թ. արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.' ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է 2012 թ. հոկտեմբերի 5-ին, Երևանում: