Արամ Խաչատրյանի անվան մրցույթն արդեն մեկ տասնամյակի պատմություն ունի: Անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը` այսօր, մեկնարկում է Խաչատրյանի անվան հոբելյանական մրցույթը, որը կանցկացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս տարվա մրցույթն ուղղված է «Դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Երևանը կհյուրընկալի բազմաթիվ օտարերկրյա հյուրերի՝ ի դեմս ժյուրիի անդամների, մասնակիցների, պատվավոր հյուրերի և, իհարկե, պարզապես երաժշտասերների:


ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը շնորհավորեց ներկաներին Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ: «Մեկնարկում է Խաչատրյանի անվան մրցույթը, որը մեր մշակութային թոհուբոհի մեջ իսկապես մեծ իրադարձություն է: Այս տարվա իրադարձությունը մի քանի առանձնահատկություններ ունի: Նախ, այն հոբելյանական է: Այս տարիների ընթացքում մասնակիցների թվի, աշխարհագրության առումով մեծ աճ է նկատվել: Մշակույթի նախարարությունը Խաչատրյանի 110-րդ հոբելյանի առթիվ բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց ամբողջ աշխարհում` աշխարհին մատուցելով Խաչատրյանի արվեստը: Բազմաթիվ համերգներ ունեցանք»,-նշեց Արթուր Պողոսյանը:

 

Պողոսյանն ընդգծեց, որ մրցույթին այս տարի շատ մասնակիցներ կան, իսկ ժյուրիի կազմկոմիտեում ընդգրկված են բազմաթիվ հանրաճանաչ մասնագետներ:

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահ միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանն ընդգծեց, որ Խաչատրյանի մրցույթն ամեն անգամ յուրօրինակ տոն է: «Սա յուրահատուկ մրցույթ է: Ամեն տարի մրցույթն ունենում է լուրջ աճ, ընդլայնում է աշխարհագրությունը: Այս տարի կներկայացվեն տարբեր ոճի ստեղծագործություններ, իսկ եզրափակիչ փուլում հնչելու է երկու դաշնամուրային կոնցերտ` Խաչատրյանի և մեկ այլ կոմպոզիտորի ստեղծա գործություն` մասնակցի ընտրությամբ: Ավելացել է նաև միջազգային ժյուրիի անդամների թիվը»,-հավելեց Բաբախանյանը:

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի ժյուրիի նախագահն ընդգծեց, որ այս տարի ներկայացվել է 50 հայտ, իսկ ժյուրին ընտրել է 26 մասնակցի:

 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ բոլոր մրցութային համերգները օնլայն ցուցադրվելու են մրցույթի պաշտոնական կայքում: «Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 15 հազար դոլար, երկրորդը` 10, իսկ երրորդը`5 հազար դոլար մրցանակ»,-հավելեց Տեր-Հովակիմյանը:

 

2007 թվականից Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսանում է մրցույթի պաշտոնական նվագախումբը: ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարծում է, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը միջազգային ասպարեզում կարևոր տեղ ունի: «Հաղթողը կդառնա մրցույթի դեսպանն աշխարհում»,-հավելեց Սմբատյանը:

 

Մրցույթի բացման երեկոյի ընթացքում` հունիսի 6-ին, ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգին կհնչի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան):  

 

Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրերից:

 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

 

Հոգաբարձուների խորհրդի կազմում են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Վալերի Գերգիևը, Պավել Կոգանը, Ինո Միրկովիչը, Էլժբետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, Միխայիլ Շվիդկոյը, Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկվիտը, Տանյա Դորնը և շատ այլ նշանավոր արվեստագետներ:

 

2008-ին մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել կոմպոզիտոր, արտակարգ և լիազոր դեսպան, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: