Արամ Խաչատրյանի անվան տրիոն համերգով հանդես կգա Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման դահլիճում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն,
Ա.Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը նշեց, որ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:
«Համերգը կանցկացվի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման կնքած համագործակցության համաձայնագրի շրջանակում: Մենք կներկայացնենք հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փորձում ենք հնարավորինս շատ տարածել հայկական երաժշտությունը»,-նշեց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ, բացի այս կարևոր համերգից, տրիոն ելույթներ կունենա նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Ուլան-Ուդեում, Իրկուտսկում, Արխանգելսկում, Չելյաբինսկում և այլն:
Գլինկայի անվան թանգարանային միավորման հետ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում պետք է բացվեր Ռախմանինովին և Շալյապինին նվիրված «Երկու հսկա» ցուցադրությունը: Արմինե Գրիգորյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունն ուժի մեջ է: «Ժամկետները դեռևս հստակ չեն, սակայն ցուցահանդեսն անպայման մինչև տարեվերջ տեղի կունենա»,-հավելեց նա:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենն այս տարվա հունիսի սկզբին մասնակցել էր Ռուսաստանում անցկացված հայտնի «Intermuseum» փառատոնին` ներկայացնելով տուն-թանգարանի գործունեությունը և ծրագրերը: Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արմինե Գրիգորյանը համագործակցության համաձայնագիր է կնքել Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման հետ:
Համաձայնագիրը մեր թանգարանի զարգացման համար նոր ուղիներ կբացի: Գլինկայի անվան թանգարանը հայաստանյան թանգարանում հադես կգա հետաքրքիր ցուցադրությամբ: Երկու կառուցյների համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին: