Արամ Խաչատրյանի անվան տրիոն այս տարի մի շարք երկրներում հանդես կգա համերգներով, որոնք կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյաննընդգծեց, որ իրենք ելույթներ կունենան մի շարք եվրոպական երկրներում:

 

«Ապրիլին Լոնդոնում ելույթ կունենանք հեղինակավոր Queen Elizabeth Hall –ում: Այստեղ տրիոն հանդես կգա ուրույն ծրագրով, ուր ընդգրկված են հայ կոմպոզիտորների գործեր: Մի ստեղծագործության կատարմամբ մեզ հետ հանդես կգան նաև Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի երեք մենակատար»,-նշեց Արմինե Գրիգորյանը:

 

Բացի այդ, տրիոն ելույթներ կունենա Գերմանիայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Մերձբալթյան երկրներում:

 

«Արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, բայց կան նաև այլ առաջարկներ, որոնք դեռ հաստատված չեն: Հուսով ենք, որ այդ համերգներն էլ կկարողանանք իրականացնել: Իհարկե, Երևանում, մարզերում և Արցախում ևս կլինեն համերգներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին»,-հավելեց դաշնակահարուհին: