Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը կամփոփի արդյունքները հունիսի 20-ին: Մրցույթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր`Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակում: Ծրագիրը 17-26 տարեկան երիտասարդ կինոարտադրողներին հրավիրեց պատրաստել վավերագրական ֆիլմեր, որոնցում անդրադարձ կկատարվեր Հայաստանում առկա սոցիալ, տնտեսական կա մ քաղաքական որևէ հարցի` մասնակցի հայեցողությամբ: Ծրագրի ներքո հունվար-մարտին անցկացվեցին մի շարք դասըթնացներ միջազգային և տեղական փորձառու մասնագետների կողմից, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվեց ներկայացնել իրենց ֆիլմերը` մասնակցելու մրցութային փուլին: Ներկայացված 28 ֆիլմերից ժյուրին ընտրել է երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը:

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, հունիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ նախաձեռնությունը հնարավորություն տվեց հայ երիտասարդներին ներկայացնել իրենց գաղափարները և աշխատատել առաջատար մասնագետների հետ: «Ստեղվեցին 18 ֆիլմեր, որոնք այս օրերին կներկայացվեն Թումոյում: Շատ հետաքրքիր գործընթաց էր, վեց ամիս տարբեր դասընթացներ էին կազմակերպվում: Հպարտ ենք այս ֆիլմերով»,-նշեց Փափազյանը:

 

Թումոյի տնօրենն ընդգծեց, որ կենտրոնում հույս ունեն կրկին հնարավորություններ ընձեռել երիտասարդներին' մասնակցելու նման նախագծերի:

 

Հունիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կհայտարարի հաղթողների անունները` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգերում: Հաղթող ֆիլմերի հեղինակները որպես մրցանակ կստանան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին նաև կշնորհվի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:

 

Դեսպան Ջոն Հեֆերնն ընդգծեց, որ իր համար կրկնակի պատիվ է նույն հարթակում նստել երիտասարդ հայ ֆիլմարտադրողների հետ: «Վավերագրական ֆիլմը նպաստում է գիտակցության զարգացմանը` տարատեսակ զգայուն հարցերի շուրջ: Ձեր ֆիլմերի թեմատիկան շատ լայն է, ներառում է տարատեսակ հարցեր: Շնորհավորում եմ ձեզ, որ ձեռնամուխ եք եղել նման հարցերի արծարծմանը, որոնք շատ մեծ նրբանկատություն են պահանջում : Երբ առնչվում էի ուսուցումն իրականացնողների հետ, ծանոթացա նաև ստեղծագործական գործընթացին»,-նշեց դեսպանը:

 

Ջոն Հեֆերնը հավելեց, որ ֆիլմ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: «Ես ժյուրիի կազմում ընդգրկված չեմ, հաղթողներին չգիտեմ, և ուրբաթ երեկոյան մեծ սիրով առիթ կունենամ շփվել հեղինակների հետ»,-հավելեց Հեֆերնը:

 

Ծրագրի մասնակից Ռուզան Գիշյանը նշեց, որ Թումոն իրեն օգնեց իրականացնել իր գաղափարը: «Շատ երիտասարդներ իրենց մտքում լավ գաղափարներ ունեն, որոնց իրականացման հարցում մեզ օգնեց Թումոն»,-նշեց Ռուզան Գիշյանը:

 

Ծրագրի մասնակիցն իր ֆիլմում նկարահանել է այն գործընթացը, թե ինչպես է երիտասարդ Էմիլը ֆիլմ նկարահանում: «Ստացվում է`ներկայացնում եմ երկու ֆիլմ մեկում»,-հավելեց Ռուզան Գիշյանը: Ավետիս Ավետիսյանը վաղուց էր ցանկանում ֆիlմ նկարահանել: «Անընդհատ լինելով սահմանամերձ գյուղերում` ցանկություն ունեի ներկայացնել նրանց խաղաղ կյանքը, շփվել նրանց հետ»,-նշեց Ավետիսյանը: