«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն հինգերորդ տարին անցկացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի համար այս տարի ընտրվել է երկու հայկական ֆիլմ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը նշեց, որ այս տարի «Կորիզ»-ի 30 մրցութային ֆիլմերն ընտրվել են դժվարությամբ:


«Նախորդ տարիներին «Կորիզ»-ում ընդգրկվում էր մեկ հայկական ֆիլմ, այն էլ` մի կերպ, բայց այս տարի երկու ֆիլմ է ընդգրկվել՝ առանց վերապահումների: Սկսեցինք հայկական կինոնկարներին նայել այն չափանիշներով, որոնցով նայում ենք արտասահմանյան ֆիլմերին»,-նշեց Շահբազյանը:

 

Ծրագրի համակարգողի կարծիքով, կարճամետրաժ ֆիլմեր այսօր հիմնականում նկարում են երիտասարդները : «Ժյուրին այժմ դիտում է ֆիլմերը և ավելի ուշ կքննարկի և կորոշի հաղթողին»,-նշեց նա:

 

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» կինոնկարը, որն այս տարի «Հայակ» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: Այն ներկայացնում է երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ՝ միևնույն խնդիրներով:

 

«Կյանքում ընտրություն կատարելը միշտ էլ բարդ է, ֆիլմի հերոսի պարագայում էլ այդպես է»,-նշեց ֆիլմի դերակատար Արամ Կարախանյանը:

 

«Կորիզ»-ում ներառված երկրորդ հայկական ֆիլմը «Web ծիրան» 3-րդ առցանց կինոփառատոնում առաջին մրցանակի արժանացած Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր» կինոնկարն է:

 

Այս տարի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կինոգետ Էրեզ Փերին: Ժյուրիի կազմում են նաև պրոդյուսեր Ռոն Դայենսը և կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական ղեկավար կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։


«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։