Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստի գոտում օգոստոսի 28-ին տեղի ունեցավ  «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային երրորդ պլեների» պաշտոնական մեկնարկը: Նախաձեռնության նպատակն է ՀՀ և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության  և ապահովման երաշխիք:

 

Ինչպես  անցած տարիներին, այս անգամ ևս ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ի դեպ,  երիտասարդ նկարիչները Շիրակում են օգոստոսի 25-ից և «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում կմնան մինչեւ օգոստոսի 30-ը՝ ակտիվ հանգիստը համատեղելով վարպետության դասերով և հետաքրքիր  հանդիպումներով:

 

Նկարիչներն այս օրերի ընթացքում արդեն եղել են Մինասի ծննդավայր Ջաջուռում՝ փորձելով վերարտադրել մին ասյան գույները: Ծրագրի նախաձեռնող Գոռ Մարգարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս անգամ մասնակիցների թիվն ավելացել է՝ ծրագրին մասնակցում են 16-30 տարեկան շուրջ 60 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից, Բելառուսից և ՌԴ-ից:

«Որպես երիտասարդական ստեղծագործական հավաք միաջազգային այս պլեները կարելի է կայացած համարել, ինչի մասին վկայում են մասնակիցների տարեցտարի ավելացող թիվը, սակայն, կազմակերպիչներիս կողմից փորձ է արվում պահպանել նաև որակական աճը, այդ իսկ պատճառով, այս տարի պլեներին մասնակցության նախընտրական  մրցույթ հայտարարեցինք մարզերում և մասնակցելու համար մարզերից ընտրվեցին լավագույն արվեստագետ երիտասարդները»,- նշեց Գոռ Մարգարյանը: Ի դեպ, այս տարի առաջին անգամ պլեների շրջանակում ընդգրկվեց  նաև քանադակագործությունը: Նշենք, որ այս ընթացքում երիտասարդ  արվեստագետների ստեղծած մեկական գործ մնում է պլեների ֆոնդին:

 

«Թեև մշտական ցուցադրություն դեռ չունենք, բայց հույս ունենք, որ պլեները կհասնի այն մակարդակին, որ կունենա իր բազան, պայմանները և ցուցասրահը՝ ներկայացնելու համար այս տարիներին ստեղծված կտավները»,-նշեց Գոռ Մարգարյանը:

 

Ավելացնենք, որ  նույն օր երիտասարդ նկարչիները ցուցադրեցին իրենց գործերը, իսկ վերջում բոլորը միասին նկարեցին նույն կտավի վրա, որը կդառնա հաջորդ տարվա պլեների խորհրդանիշը:

 

Արմենուհի Մխոյան