Մինասի գույներն այս տարի ևս Շիրակ կբերեն երիտասարդ նկարիչների: «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների» պլեներն այս տարի ևս կմեկնարկի օգոստոսին: Արդեն երրորդ անգամ անցկացվող միջազգային հավաքն այս անգամ ևս նախատեսվում է կազմակերպել Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Նշենք, որ առաջին պլեներից սկսած երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: «Երիտասարդ նկարիչները Մինասի հող ում կոգեշնչվեն հենց Մինասի գույներով: Սրանով պայմանավորված` արդեն երրորդ անգամ անցկացվող միջազգային այս պլեները կրում է «Մինասի գույներով» խորագիրը: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք՝ պլեների անցկացման համար»,-նշում են ծրագրի նախաձեռնողները:
Ծրագիրն իրականացվում են ՀՀ Շիրակի մարզպետարանը եւ «Արվեստը` հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը: Պլեների շրջանակում հանրապետության բոլոր մարզերից և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը կհամատեղեն վարպետության դասերով և հետաքրքիր հանդիպումներով: Արդեն ընթացքի մեջ են պլեների նախապատրաստական աշխատանքները:
Նախագծի նպատակն է ՀՀ և այլ երկրների երիտասարդ արվեստագետների միջև միջմշակութային համագործակցության հարթակ ստեղծելը՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության և ապահովման երաշխիք: «Այս անգամ նախատեսվում է ներգրավվել մոտ 60 երիտասարդ արվեստագետների՝ ՀՀ ողջ տարածքից, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից և Եվրոպական երկրներից: Կլինեն մասնակիցներ նաև Արցախից, հայկական սփյուռքի գաղթօջախներից, Ջավախքից, Թբիլիսիից: Բնականաբար, այս տարի փորձելու ենք աշխարահագրությունն ընդլայնել՝ ավելի շատ երկրներ ներգրավելով: Պլեների ձևաչափը նույնն է մնալու՝ էքսկուրսիաներ, ճանաչողական այցեր, փորձելու ենք ավելի շատ շեշտը դնել վարպետության դասերի վրա, հնարավորինս ավելի շատ փորձառու մասնագետներ ներգրավվել: Նախատեսվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական կառույցների ներկայացուցիչների և արվեստագետների հետ: Ստեղծագործական հավաքը կունենա հանդիպումների շարք, որի ընթացքում առաջ կքաշվեն երիտասարդության առջև ծառացած խնդիրները՝ հիմնականում արվեստի հետ առնչվող, այդ խնդիրների լուծման մեխանիզմներ մշակելու փորձ կարվի: Որպես նորամուծությ ուն, այս տարի նկարչության հետ կլինի նաև քանդակ»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը:
Ավելացնենք, որ անցած տարի ծրագրին մասնակցել են 16-30 տարեկան 55 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից և ՌԴ-ից:
Արմենուհի Մխոյան