Նյուքասլ (Մեծ Բրիտանիա) համալսարանի մի խումբ մասնագետներ առաջարկել են մենակ ապրող տարեցների առողջությանը հետևելու համար վերահսկել նրանց շների վարքագիծը: Այս նպատակով գիտնականները ստեղծել են զգայուն սենսորներով վզկապ, որը թույլ է տալիս որսալ տնային կենդանիների' տիրոջ անկայուն վիճակի մասին վկայող վարքագծի և տրամադրության փոփոխությունները:
Հետազոտության հեղինակները եզրակացություններ էին անում' ելնելով այն փաստից, որ տիրոջ ու շան միջև հուզական կապը շատ ուժեղ է, և մարդու վիճակի փոփոխությունն ամբողջովին արտացոլվում է նրա հետ ապրող կենդանու վարքագծում:
Այս տնային կենդանիների վարքագծում շեղումներ բացահայտելու նպատակով թիմը ստեղծել է 17 կետից բաղկացած մի վահանակ, որի վրա ֆիքսված են տարբեր ցեղատեսակների առողջ և կյանքից գոհ շներին բնորոշ վարքագծային մոդելներ տարբեր իրավիճակներում:
Խոսքը այնպիսի դրսևորումների մասին է, ինչպիսիք են հաչոցը, վնգստոցը, դողը, պասիվ վիճակը և այլն: Գիտնականների կողմից մշակված այս սենսորային վզկապը թույլ է տալիս միայնակ ապրող տարեցների հարազատներին ու խնամակալներին նույնիսկ հեռավորության վրա հետևել վերջինիս տնային կենդանու վարքագծին և որևէ խախտումներ նկատելու դեպքում շտապել օգնության՝ չխառնվելով անհատի անձնական կյանքին: