Արքայադուստր Դիանայի նախկին ծառապետ Փոլ Բարելը հայտարարել է, որ թագավորական ընտանիքում տարաձայնությունների մեղավորը Մեգան Մարքլն է։ Նրա խոսքով՝ Սասեքսի դքսուհին իր գեղեցկությամբ «հիպնոսացրել է» արքայազն Հարիին՝ նրան հեռու մղելով եղբորից ու հորից։
Բարելը կարծում է, որ մի օր Հարրին կվերադառնա Մեծ Բրիտանիա՝ ապրելու հարազատների հետ։ «Ես կասկած չունեմ, որ երբ դա տեղի ունենա, նա կվերադառնա Միացյալ Թագավորություն, կարծում եմ, որ նրա հայրը՝ թագավորը, եւ նրա եղբայրը՝ Ուելսի արքայազնը, երկուսն էլ գրկաբաց կդիմավորեն նրան։ Կա Հարրի, ում մենք բոլորս սիրում ենք։ Մենք պարզապես չենք հասկանում, թե ինչու է նա անում այն, ինչ անում է այս պահին»,- New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին իր՝ «Spare» հուշերում քննադատել է թագավորական ընտանիքում կյանքը եւ հայտարարել, որ Փոլ Բարելը երկար տարիներ գումար է վաստակել մոր մահվան վրա։ Իր հերթին ծառայապետը զարմացել է Հարրիի մեղադրանքներից։
«Ես լաց եղա, երբ տեսա, որ նա հարձակվել է ինձ վրա։ Նա իմ իմացած աշխարհից հեռացավ միանգամայն ուրիշ աշխարհ՝ բոլորովին այլ մարդկանց ազդեցության տակ, եւ նրա անհատականությունը փոխվեց: Եվ դրա համար ես շատ եմ տխրում։ Ես կիսել եմ նրա մանկությունը: Իմ տղաները խաղում էին նրա եւ Ուիլյամի հետ։ Մենք միասին վայելում էինք մեկօրյա ճամփորդությունները»,- ասել է նա: