Հարրին եւ Մեգանը ԱՄՆ տեղափոխվելուց հետո հանգիստ չեն նստել պանդեմիայի ավարտին սպասելով, այլ որոշել են աջակցել նրանց, որոնք ունեն դրա կարիքը: Եվ ոչ միայն նվիրատվությունների միջոցով. դուքսերը երկու օրով կամավոր են դարձել ծանր հիվանդ մարդկանց համար սննդի առաքման ծառայությունում։
Ինչպես պատմել է տեղի բնակիչ Դեն Տիրելը, որն ակնկալում էր Project Angel Food-ից պարզ սնունդ ստանալ, առավոտյան Արեւմտյան Հոլիվուդի Սիերա-Բոնիթի իր տան դուռը թակել են երկու անհայտ անձ «շատ ծանոթ դեմքերով»: Պարզվել է, որ դրանք եղել են Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին, գրում է Daily Express-ը:
Մեգանը եւ Հարրին օգնել են Project Angel Food-ին կենսական միջոցներ տրամադրել այնպիսի լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, քաղցկեղը, երիկամային անբավարարությունը, շաքարախտը եւ սրտային անբավարարությունը:
Angel Food-ը դարձել է առաջին բարեգործական կազմակերպություններից մեկը, որոնք Հարրին եւ Մեգանը աջակցել են թագավորական ընտանիքից առանձնանալուց հետո: Զույգը նաեւ 90 հազար ֆունտ սթերլինգ է նվիրաբերել Feeding Britain հիմնադրամին, որպեսզի կարանտինի ժամանակ խոցելի մարդիկ սննդի պակաս չզգան: