Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանում առանձնատուն են գնել, որպեսզի թագավորական ընտանիքից հեռանալուց հետո այստեղ իրենց որդուն՝ Արչիին մեծացնեն, հաղորդում է Page Six-ը։
«Նրանք իրենք են այդ տունը գնել։ Հենց այստեղ են ցանկանում Մեծ Բրիտանիան լքելուց հետո ապրել։ Սա իրենց պատկանած առաջին անշարժ գույքն է։ Տեղափոխվելուց հետո վեց շաբաթ շարունակ ամեն բան թաքուն պահելու ընթացքը կարևոր ժամանակ է եղել նրանց համար և՛ որպես զույգի, և՛ որպես ընտանիքի»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Հայտնի է, որ անվտանգությունից ելնելով՝ աղբյուրը մի շարք մանրամասներ՝ այդ թվում անշարժ գույքի գնի մասին տեղեկություններ չի հայտնել:
«Նրանք մանրամասն ամեն բանի մասին մտածել են։ Այստեղ ծրագրում են երջանիկ լինել․ լավ ընկերներ ձեռք բերել և դաստիարակել Արչիին՝ նրան իր տարիքի այլ երեխաների հետ խաղալու հնարավորություն տալով»,- ասել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ամուսինները Բևեռլի Հիլզում դերասան Թայլեր Փերիի՝ 18 ննջասենյակից կազմված շքեղ առանձնատանն են ապրել։
Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ չնայած որ արքայազն Հարին թագավորական ընտանիքում և Բուքինգհեմյան պալատում է մեծացել, նրան ավելի շատ ոչ մեծ ու հարմարավետ տներն են դուր գալիս։