Արդեն մեկ տարի է անցել, ինչ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հայտարարել են թագավորական լիազորությունները վայր դնելու մասին։ Ամուսիններն ապրում են ԱՄՆ-ում եւ զբաղվում են սեփական ծրագրերով։ Ամեն դեպքում, նրանք պատրաստվում են Մեծ Բրիտանիա այցելել այս ամռանը ոչ միայն հարազատներին ու մտերիմներին տեսակցելու, այլեւ պաշտոնական միջոցառումների մասնակցելու համար։
Աղբյուրը հայտնել է, որ Սասեքսի դուքսերը Մշուշոտ Ալբիոն կայցելեն հունիսին՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան առիթով Trooping the Colour հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար։
«Կան մի շարք ընտանեկան միջոցառումներ, որոնք դուքսն ու դքսուհին հույս ունեն այս տարի այցելել։ Բայց իհարկե, հաշվի առնելով COVID-19-ի հետեւանքով համաշխարհային իրավիճակը՝ դեռ վաղ է ճամփորդություններ ծրագրել»,- նշել է ինսայդերը։
Նա հավելել է, որ թագավորական ընտանիքի շատ անդամներ անհամբերությամբ սպասում են Մեգանի, Հարիի ու նրանց՝ մեկուկես տարեկան որդու հետ հանդիմանը։
Փորձագետ Քեթի Նիկոլի կարծիքով՝ նախորդ տարի Մեգանի կողմից արված բոլոր քայլերը (առանձնատան գնում, պայմանագրի կնքում Netflix-ի հետ եւ այլ գործարքներ) խոսում են այն մասին, որ Սասեքսի դուքսերը չեն ծրագրում թագավորական ընտանիք վերադառնալ պաշտոնական որեւէ կարգավիճակով։ Սակայն նա նշում է, որ Հարիի հարաբերություններն ընտանիքի հետ լավացել են։
«Մեգանն ու Հարին սուրբծննդյան տոներին տեսակապով զրուցել են Քեմբրիջի դուքսերի հետ եւ միմյանց նվերներ են ուղարկել։ Նրանց համար սա հնարավորություն է դարձել երկու ընտանիքների համար էլ շատ բարդ տարում հավաքել միասին, թեկուզ առցանց։
Ուիլյամի եւ Հարիի հարաբերություններն ավելի լավն են, քան մեկ տարի առաջ, երբ նրանք հազիվ էին խոսում։ Հիմա նրանք ոչ միայն խոսում են, այլեւ պարբերաբար շփվում։ Արձակուրդների ժամանակ նրանք դա շատ հաճախ են արել»,- նշել է նա։