Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց վեցօրյա գաղտնի ուղևորության ժամանակ իսպանական Իբիցա կղզի են մեկնել մասնավոր ինքնաթիռով, որի համար գրեթե 24 հազար դոլար են վճարել, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 34-ամյա Հարին և վերջերս 38-ը բոլորած Մեգանն օգոստոսի 6-ին Իբիցա են մեկնել, որտեղ նրանք բնակվել են շքեղ մասնավոր առանձնատանը: Զույգը Մեծ Բրիտանիա է վերադարձել այս երկուշաբթի:
Հաղորդվում է, որ իսպանական կղզում թագավորական զույգի անվտանգության ապահովմամբ զբաղվել են բրիտանական և իսպանական պետական անվտանգության աշխատակիցները:
Daily Mail-ի աղբյուրը նշել է, որ զույգն անցյալ շաբաթ Իբիցայում վայրէջք է կատարել մի քանի հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական թիկնազորի հետ, և Իսպանիայի անվտանգության ուժերի հինգ սպաներ միացել են նրանց՝ թագավորական զույգի մասնավոր առանձնատունը պաշտպանելու համար:
Մասնավոր ինքնաթիռով Իբիցա մեկնելու զույգի որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել հանրության շրջանում:
Քննադատների խոսքով՝ մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունը մեկ շնչի համար վեց անգամ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ, քան Լոնդոնից իսպանական կղզի կանոնավոր չվերթը կարտանետեր:
Նրանց խոսքով՝ զույգի՝ մասնավոր ինքնաթիռի օգտագործումը հակասում է Երկիր մոլորակը պաշտպանելու վերաբերյալ նրանց հաճախակի արվող հրապարակային կոչերին:
Հիշեցնենք, որ արքայազն Հարին Իտալիայում Google Camp էլիտար ճամբարի շրջանակում կլիմայի փոփոխությանը նվիրված գաղտնի կոնֆերանսի ժամանակ Երկիր մոլորակը փրկելու վերաբերյալ ելույթ էր ունեցել:
Արքայազնը վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ հանուն Երկիր մոլորակի կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ մտադիր է «լավագույն դեպքում» երկու երեխա ունենալ: