Քանյե Ուեսթի «Jesus Is King» ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 25-ին։ Այդ մասին հայտնել է ռեփերը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոն համալսարանում։ Նույն օրը՝ հոկտեմբերի 25-ին, վարձույթում կհայտնվի «Jesus Is King: A Kanye West Experience» վավերագրական ֆիլմը, որը նաև պատմում է՝ ինչպես է ստեղծվել երկար սպասված ալբոմը։

Շփվելով հանրության հետ՝ Քանյեն հաստատել է, որ վերջերս քրիստոնեություն է ընդունել, հայտնում է TMZ-ն։ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես այսօր այստեղ չեմ հանուն ձեր զվարճանքի»,- ասել է Ուեսթը՝ նշելով, որ այնտեղ է ավետարան քարոզելու։

««Jesus Is King»-ը հրաշալի է հնչում։ Երեկ Քանյեն դեռ աշխատում էր նոր երաժշտության վրա, որը հիասանքաչ է հնչում։ Ֆիլմը շատ սրտառուչ էր։ Բացի այդ՝ նա մեզ համար հատվածներ էր կարդում Սուրբ գրքից։ Ավետարան ըստ Մարկոսի 1։15՝ նրա սիրելի գիրքը»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Նախորդ շաբաթ Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը, քրոջ՝ Քորթնիի և երեխաների հետ մկրտվել է Էջմիածնի մայր տաճարում։

Մկրտության ընթացքում հեռուստաաստղի ու ռեփերի դուստրը՝ Չիկագոն, ստացել է Աշխեն անունը, որդիները՝ Պսալմն ու Սեյնթը՝ համապատասխանաբար Վարդան և Գրիգոր անունները։