Ղրիմի հայկական համայնքը հաջողություն է մաղթում «Մանկական նոր ալիք-2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանին:
«Արմենպրես» -ի հետ զրույցում Ղրիմահայոց ընկերության նախագահի մշակութային հարցերի գծով տեղակալ, «Մասսյաց աղավնի» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը նշեց, որ հայկական համայնքը դիտում է Ղրիմում անցկացվող մրցույթը:
«Բնականաբար, հաջողություն ենք մաղթում Հայաստանի ներկայացուցչին, ինչպես և մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր մրցույթներում, հատկապես՝ միջազգային»,-նշեց Վերմիշյանը:
Ղրիմահայոց ընկերության նախագահի մշակութային հարցերի գծով տեղակալը փաստեց, որ հնարավոր է, որ Դավիթ Վարդանյանը հանդիպի հայկական համայնքի հետ: «Նախնական պայմանավորվածություն դեռևս չկա , սակայն հնարավոր է հանդիպում կազմակերպվի»,-հավելեց նա:
«Մանկական նոր ալիք-2014» մրցույթի հայաստանցի մասնակից 12-ամյա Դավիթ Վարդանյանը պատրաստվում է մի քանի օր անց մեկնել Ղրիմ՝ մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Երաժշտական տոնը կանցկացվի Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը: «Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, տեղի կունենան մրցանակաբաշխության ու փակման արարողություններ:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել
2002 թվականին Յուրմալայում:Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ
Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-
ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: